Ալավերդիում դիմավորել եմ գործարար Արտակ Բաղիկյանին, որը պատրաստվում է Ալավերդիում հիմնել ադամանդի վերամշակման գործարան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Կարևոր է նշել, որ «Ալավերդի Դայմոնդս» ընկերությունն արդեն պետական գրանցում է ստացել։ Այժմ Ներդրողների աջակցման կենտրոնը դիտարկում է ներդրումային ծրագիրը, որի ուսումնասիրությունն ավարտելուց հետո այն կփոխանցի Կառավարությանը։
Ըստ ծրագրի՝ նախատեսվում է ձեռք բերել Միքայել Նալբանդյանի անվան նախկին դպրոցի (չի գործում 19 տարի) վթարային շենքը, ստանձնելով պարտավորություն` կատարել ներդրում, շենքն ու հարակից տարածքը կապիտալ հիմնանորոգել ու սկսել գործունեությունը։
Մեկնարկային փուլում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ՝ այն ավելացնելու հեռանկարով։ Տարիքային սահմանափակում չկա։ Ալավերդի համայնքում կիրականացվեն նաև սոցիալական ծրագրեր»,- հայտնում է պատգամավորը։