Միացյալ Նահանգները կարծում է, որ «ռուսական ներխուժումը» Ուկրաինա կարող է սկսվել ցանկացած պահի, այդ թվում՝ «առաջիկա մի քանի ժամվա ընթացքում»։ Այդ մասին երկուշաբթի CNN-ի եթերում հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«Մենք վաղուց ասում էինք, որ ռուսական ներխուժումը կարող է սկսվել ցանկացած օր։ Դա կարող է լինել այս օրը: Մենք հույս ունենք, որ այն տեղի չի ունենա, ուստի շարունակում ենք օգտագործել դիվանագիտական բոլոր տարբերակները»,- ասել է խոսնակը։
Քիրբին հավելել է, որ դիվանագիտության համար դեռ ժամանակ կա. «Նախագահ Ջո Բայդենը երեկ մեկ անգամ ևս ասաց, որ պատրաստ է բանակցությունների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրավիճակի կարգավորման խաղաղ ճանապարհը»:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին տեղեկատվությունը համարել է դատարկ և անհիմն: