44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հաձնաժողովի երկրորդ նիստին, որի առաջին հատվածը բաց էր լուսաբանման համար, ներկա էին արտախորհրդարնական ուժերի անդամներն ու զոհված զինծառայողների ծնողները: Ընտրվածները պատահական մարդիկ չեն՝ նկատեց քննիչ հանձնաժողովի նախագահը, ապա դիմեց Ազատական կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին, նրան որպես անկախ խորհրդատու ներկայացրեց, ասաց՝ բանակաշինության գործում նրա ունեցած ներդրումը շատ կարևոր է լինելու այս հանձնաժողովի աշխատանքներում:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հաձնաժողովի նախագահ) - Նաև ձեր գիտելիքները էս ընթացքում ձեր ունեցած, 44 օրյային առնչվող բոլոր դրվագներին մեզ կարողանաք ճիշտ խորհրդատվություն տալ: Ունենալու ենք բազմաթիվ իրավական խնդիրներ, ու Նորիկ Նորիկյանի ներկայությունն այստեղ լրացնելու է այդ հնարավորությունը:
«Արդար Հայաստան» կուսակցությունը գլխավորող Նորայր Նորիկյանն էլ արտախորհրդարանական ուժերից երկրորդ ներկայացուցիչն է հանձնաժողովում: Եթե կարիք լինի, էլի մասնագետներ կհրավիրենք՝ նշեց Քոչարյանը: Նիստերն էլ, թեև դռնփակ կլինեն, բայց սկզբից մինչև վերջ կտեսագրվեն, կարխիվացվեն: Այսքանից հետո թեման քաղաքականացնել հնարավոր չէ՝ պնդեց նախագահը:
Անդրանիկ Քոչարյան - Շատերը փորձում են օգտվել՝ քաղաքականակցնելով էս թեման, որ չենք գալու, լեգիտիմ չէ: Լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սահմանադրական պահանջ է, ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների պատվիրակված անդամներ, հարազատներ:
Հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու մասին, սակայն, արդեն հայտարարել է գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը, որ 2018-ից հետո մինչև պատերազմի ավարտը Ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնն էր զբաղեցնում: Քոչարյանը կարծում է՝ իր հայտարարությունը հետ վերցնելու համար Հակոբյանը դեռ ժամանակ կունենա: Համոզված է՝ կա՛մ նա կգա հանձնաժողով, կա՛մ հրապարակայնորեն ստիպված կլինի պատասխանել իրենց ուղղված հարցերին:
Անդրանիկ Քոչարյան - Արցախի նախագահը ողջունեց հանձնաժողովի ստեղծումն ու պատրաստակամություն հայտնեց բոլոր այն պաշտոնյաների անունից, որոնք կհրավիրվեն, որ պետք է բոլորը, ովքեր բան ունեն ասելու այս հանձնաժողովին, ներկայանան, և Մովսես Հակոբյանը եթե օր առաջ էդպիսի հայտարարություն է անում, ես էլ կարամ այսպիսի ենթադրություն անեմ՝ ընդդիմության չմասնակցելը փորձել լեգիտիմացնելու Մովեսես Հակոբյանի հայտարարությամբ:
Ընդդիմությունը մենք ենք, նրանք չեն՝ տեղից արձագանքեց Սամվել Բաբայանը՝ ի պատասխան Քոչարյանի հայտարարության: Երբ ուսադիր ունեցող գեներալները կգան հանձնաժողով, դրանում կհամոզեք, նրանք բոլորը մասնակցել են պատերազմին, եկեք շեշտերը ճիշտ դնենք՝ առաջարկեց ՊԲ նախկին հրամանատարը:
Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության նախագահ) - էդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել ռազմի դաշտում, էս պատերազմի ընթացքում, էնպես որ, հանգիստ եղեք, ընդդիմությունում մենք ենք, իրանք չեն, իրանք մասնակից են: Թողեք դա, և խնդրում եմ, որ միշտ ճիշտ շեշտադրում անեք:
Անդրանիկ Քոչարյան - Խնդրում եմ, հայտարարություն ոչ ոք չանի, մենք կհրավիրենք, կգանք կգա, չէ՝ չէ, մենք կորոշենք՝ ոնց ենք հրավիրում, որ չխուսափեն:
Հետո նիստը փակվեց, ներսում քննարկումը մոտ 1 ժամ տևեց: Դրա ավարտին արդեն Բաբայանը նորից անդրադարձավ՝ իր խոսքով ընդդիմադիր դարձած գեներալներին, պնդեց՝ չի եղել որևէ մեկը ում մերժել են պատերազմի ժամանակ ծառայություն մատուցելու առաջարկից: Ինչ վերաբերում է իրեն, ասաց՝ իշխանություն չի եղել, կառավարման բունկեր էլ որպես Արցախի նախագահի խորհրդական է գործուղվել, որ ամեն երեկո զեկուցի ներսում կատարվողը: Բաբայանին, սակայն, հիշեցրինք, որ 44-օրյայից հետո նա մեղադրական գնահատականներ էր հնչեցնում որոշ մասնակիցների հասցեին, այդքանից հետո ինչպե՞ս կարող է անաչառ լինել ու քննել պատերազմի հանգամանքները, պարզել մեղավորներին:
Սամվել Բաբայան - Լրիվ անկեղծ, անաչառ է լինելու, որովհետև եթե որևիցե մեկը գործողություն է կատարել, գրելու է այդ մասին, ասենք թե՝ էս ռազմաճակատում դուք եք ղեկավարել, ձեզ հարցեր են ուղղելու, դուք պատասխանելու եք, եթե դուք կասենք, որ պարոն Բաբայաննն էլ է մասնակից եղել, հետո պարոն Բաբայանին կկանչեն, ինքը կպատասխանի:
Ցանկացած իշխանություն պետք է արդար քննություն տանի, գտնի, ցույց տա մեղավորներին՝ ասաց Բաբայանը՝ արձագանքելով հարցին՝ արդյոք կառավարող ուժը կարո՞ղ է անաչառ քննել իր իսկ գործողությունները:
Սամվել Բաբայան - Այս իշխանությունը ստացել է օժիտ, պիտի պարզենք՝ գործող իշխանության մեղքը ինչքանով է: Ձեզ հասարակ հարց եմ տալիս՝ Արցախի բանակի հրամանատարին ու շտաբի պետին, որոնք որոշողն են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ուզում ենք ճշտենք՝ ով է առաջարկել որ այս մարդկանց նշանակեն, պարզվում է, որ այնտեղի գործող իշխանությունը, ով են եղել Բակո Սահակյանն ու Տիգրան Աբրահամյանը, որ էն ժամանակ ռազմական խորհրդական է եղել:
Բաբայանն այսօր, սակայն, չհստակեցրեց, թե որ իրավական փաստաթղթի հիման վրա են արտախորհրդարանական ուժերը մասնակցում հանձնաժողովի նիստին: Ասաց՝ կտեսենք շուտով: Հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն էլ վերջում կարճ արձագանքեց՝ գաղտնի ու հույժ գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են մասնակցել նիստին:
Պատգամավորի խոսքով՝ այժմ ԱԱԾ-ն քննում է հրավիրյալներին, իրավասության հարցը կորոշվի մեկ շաբաթվա ընթացքում: