Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերին հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:
«Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:
Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- հայտնում են մամուլի ծառայությունից: