Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունը և Կորեայի Հանրապետությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների ԱԳ նախարարների նամակների փոխանակում։
Կողմերը նշել են, որ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով խոր փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, այս երեք տասնամյակի ընթացքում արդեն իսկ զարգացել են տարբեր ոլորտներում, սակայն երկկողմ օրակարգում դեռ կա չիրացված ներուժ: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել առավել զարգացնելու ՀՀ և ԿՀ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և թվայնացման ոլորտներում։
Նախարարները միմյանց հետ առավել սերտորեն աշխատելու պատրաստակամություն են հայտնել՝ հույս հայտնելով, որ գալիք տարիները խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների առաջիկա զարգացման և մեր համագործակցության բովանդակության ընդլայնման համար։