Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը վերսկսում է մարզային հյուրախաղերը։ Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը՝ «Շչելկունչիկը» կլինի Գյումրիում։ Քաղաքի դրամատիկական թատրոնում նախապատրաստական աշխատանքներ են։
Կարեն Դուրգարյան (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար) - «Մարդուկ ջարդուկ» բալետը, որը մանուկների համար բեմադրեցինք Երևանի բեմահարթակում, և մեծ պատիվ կլինի ներկայանալ Գյումրիում: Շատ ենք կարևորում Գյումրին, մեծ սպասում կա, որ այս հրաշալի դահլիճը լեփ լեցուն կլինի։
Հատուկ Գյումրու հանդիսատեսի համար պատրաստել են նոր դեկորներ՝ դրամատիկականի բեմը համապատասխանեցնելով օպերային ներկայացմանը։ Օպերայի ապակենտրոնացումն այս անգամ սկսում են Գյումրիից։
Կարեն Դուրգարյան - Դա մենք փորձել ենք անել տարիներ առաջ: Եղել ենք Արցախում, օպերային ներկայացումներով՝ Ջերմուկում, գյուղական համայնքներում: Կարևորը՝ հանդիսատեսը ցանկալի է բոլոր տեղերում: Այն, որ մարզը դասական արվեստ չի հասկանում, իրականությանը չի համապատասխանում։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ: Հաշվի առնելով Շիրակում քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական խնդիրները, տոմսերի արժեքն ավելի մատչելի կլինի։
Կարեն Դուրգարյան - Տարբերությունը մեծ է, տոմսային քաղաքականությունն այնպես է, որ ծանրաբեռնությունը օպերային թատրոնն իր ուսերի վրա չվերցնի, մշակույթի նախարարությունն է աջացում այցին: Բայց մենք ծախսեր ունենք, և իրականում հարգանքս բոլորին, բայց հրավիրատոմսով մարդուն թատրոն ուղղելն անընդունելի է։ Պետք է գիտակցենք՝ արվեստը նաև արժեք է։
«Մարդուկ ջարդուկը» փոքրիկների ու նաև բոլոր նրանց համար է, ովքեր իրենց սրտի խորքում հավատում են հեքիաթին ու հրաշքին։