Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովի որդիները՝ Ռզա և Սեյմուր Թալիբովները, հաշիվներ են բացել Credit Suisse, Barclays, Vontobel, Emirates NBD և այլ արտասահմանյան բանկերում ու ստացել ավելի քան 20 միլիոն դոլար ստվերային վճարումներ: Բացահայտումը հեղինակել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության OCCRP հետաքննական կենտրոնը:
Ըստ Թալիբովների գործի հետաքննության՝ Թալիբով եղբայրների հաշիվներին իրականացվել են տասնյակ միլիոն դոլարների կասկածելի փոխանցումներ, նրանք ունեն 63 միլիոն դոլարի անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատներ, բնակարաններ Դուբայում, պատմական շենքեր, հյուրանոցներ Բաթումում։
Այդ ամենը ձեռք է բերվել Նախիջևանում Վասիֆ Թալիբովի կառավարման շրջանում։
Հատկանշական է, որ Վասիֆ Թալիբովն իր կարիերան սկսել է շատ համեստ: Խորհրդային վերջին տարիներին նա աշխատել է տեղական հագուստի արտադրամասում որպես բաժնի վարիչ։ Հետագայում նա ամուսնացել է Հեյդար Ալիևի զարմուհու՝ Սևիլ Սուլթանովայի հետ և ապահովել իր մուտքը քաղաքականություն:
Նախիջևանում Թալիբովի հաստատած բռնապետության պատճառով ընդդիմադիրները տարածաշրջանն անվանում են «ադրբեջանական Հյուսիսային Կորեա», իսկ իրավապաշտպան Հելսինկյան կոմիտեն՝ «Ադրբեջանի մութ կղզի»։ Այնտեղ Թալիբովների ընտանիքի ձեռքում են կենտրոնացած տնտեսական հիմնական ռեսուրսները՝ գյուղատնտեսության, բանկային, շինարարության և այլ ոլորտներում։