ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ընդունվի ՆԱՏՕ, Ռուսաստանին սպառնացող վտանգները կբազմապատկվեն: Նա խնդրել է Լավրովին և Կոզակին զեկուցել Դոնբասում իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականների մասին։
Պուտինը համոզված է, որ Կիևի իշխանությունները չեն պատրաստվում կատարել Մինսկյան պայմանագրերը, և այդ մասին նրանք բազմիցս հայտարարել են: Ուկրաինական կողմը երկու անգամ պատժիչ գործողություններ է իրականացրել Դոնբասում, այժմ լարվածությունը սրվում է երրորդ անգամ: Մինչդեռ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է Դոնբասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ նշել է ՌԴ նախագահը:
Ինչ վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցին, ապա ըստ Պուտինի՝ խնդիրը սերտորեն կապված է աշխարհի և մասնավորապես՝ Եվրոպայի գլոբալ անվտանգության խնդիրների հետ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ Արևմտյան երկրները փորձում են գրեթե անհաղթահարելի առճակատում ստեղծել Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև։
Վերջին ամիսներին Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններն էլ ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու համար և այս ֆոնին ուժեղացնում են իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում։ Մոսկվան հերքում է բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում մինսկյան պայմանավորվածությունները: