Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարի 21-ին հերթական հացադուլն է հայտարարել բանտում վատ բուժման պատճառով։
«Ինձ նպատակաուղղված ցանկանում են հաշմանդամ դարձնել: Վրացական իշխանությունները ցանկանում են, որ ես մեռնեմ։ Չի հաջողվի։ Եթե հարկ լինի, ես կմեռնեմ գլուխս բարձր։ Այսօրվանից անժամկետ հացադուլ եմ հայտարարում»,- ТАСС-ը մեջբերում է նրա խոսքերը։
Փետրվարի սկզբին Սաակաշվիլին դատական նիստի ժամանակ բողոքել էր իր առողջության վատթարացումից և պահանջել էր թույլ տալ անձնական բժշկին այցելել իրեն։ Ինչպես նշել է նախկին նախագահը, վրացի բժիշկներին թույլ չեն տալիս այցելել իրեն։
Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում, երբ երկիր վերադարձավ ՏԻՄ ընտրությունների նախօրեին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սահմանն ապօրինի հատելու համար։
Ձերբակալման օրը Սաակաշվիլին, ի նշան բողոքի, հացադուլ հայտարարեց այնքան ժամանակ, քանի դեռ իրեն և իր համախոհներին չեն ազատել։ Նոյեմբերի 19-ին Վրաստանի արդարադատության նախարարությունը որոշեց նախկին նախագահին բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ։ Հաջորդ օրը Սաակաշվիլին դադարեցրեց հացադուլը։