ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 18-ին Սթենֆորդի համալսարանի հրավերով այցելել է նորաստեղծ հայագիտության կենտրոն, որը գործում է համալսարանի՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների կենտրոնի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Կենտրոնի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի պետական համալսարանի, այլ հաստատությունների և կառույցների հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։
Սթենֆորդի համալսարանում պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ ընդլայնված հանդիպման ընթացքում (որին եղել է նաև առցանց մասնակցություն) դեսպան Մակունցը հանդես է եկել ելույթով, ներկայացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը միտված ՀՀ հետևողական քաղաքականությունը, անդրադարձել ՀՀ անվտանգության, ինքնիշխանության, պետականության շուրջ Սփյուռքի և ՀՀ քաղաքացիների ջանքերի մեկտեղման կարևորությանը։
Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում դեսպան Մակունցն անդրադարձել է նաև տարածաշրջանում ներկայումս ընթացող բարդ գործընթացներին։