Ավելի քան 10 փոփոխություն սուբվենցիոն ծրագրերի տրամադրման կարգում, սահմանամերձ բնակավայրերը շարունակում են մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում:
Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Մինչ այս մենք ունեինք բարձրլեռնային համայնքներ և սահմանամերձ համայնքներ՝ միասին տող, որով կիրառում էինք որոշակի տոկոս Կառավարության մասնակցությամբ: Այս տարի սահմանամերձ համայնքներն առանձնացրել ենք և տրվող արտոնության չափաբաժինը բավական մեծացրել ենք մի շարք ծրագրերում՝ դրանք հասցնելով մինչև 80 տոկոսի:
Անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերից մեկն էլ ապաստարանների կառուցմանը կամ գործողների բարեկարգմանն ուղղված համաֆինանսավորումն է: Պետությունը պատրաստ է տրամադրելու պահանջվող ծախսերի 80 տոկոսը:
Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային կապիտալ ծրագրերի աջակցության վարչության պետ) - Բարձրացրել ենք նաև էներգախնայող միջոցառումներով բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներն էլի 5 տոկոսով:
Հայաստանում կա ավելի քան 1 մլն հեկտար արոտավայր, որի 80 տոկոսը չի օգտագործվում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական պատճառը նորմալ ճանապարհների բացակայությունն է։
Գնել Սանոսյան - Դեպի գյուղական արոտավայրեր, դաշտեր գնացող ճանապարհների բարելավման նոր ծրագիր ենք ավելացրել, ինչպես նաև համայնքներում օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նոր ուղղություն ունենք, և կարծես այդ ուղղությունները նույնպես, չնայած առաջին տարին է, բայց հետաքրքրություն կա:
Հանդամասեր տանող ճանապարհների բարեկարգմամբ պետությունը ներդրումային հետաքրքրություն կառաջացնի, իսկ ինտերնետի հասանելիություն ապահովելով՝ կնպաստի, որ մարզերում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի:
Նարինե Ավետյան - Որոշակի փոփոխություններ ենք անում կարգում՝ հաշվի առնելով պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունը՝ մենք բարձրացնում ենք նախադպրոցական հաստատությունների համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը մինչև 80 տոկոս:
Կառավարության ծրագրով՝ հանրապետությունում առաջիկա 5 տարում 500 մանկապարտեզ պետք է կառուցվի: Սուբվենցիոն ծրագրերի ընդլայնումը կնպաստի դրան:
Գնել Սանոսյան - Ուրախացնող է, որ մենք մեր թիրախային ուղղություններից մեկն ընտրել էինք մանկապարտեզների կառուցում, վերակառուցում կամ նորոգումներ, և մոտ 130 հայտ ունենք, որոնցից 30-ից ավելին ամբողջովին նոր մանկապարտեզներ են:
Պետությունը ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցման համար նաև մինչև 70 տոկոս համաֆինանսավորում կտրամադրի:
Գնել Սանոսյան - Կարևորելով խմելու և ոռոգման ջրի համակարգերի կառուցումը, որտեղ նույնպես փոփոխություն էինք իրականացրել և Կառավարության բաժինը մեծացրել էինք, այդ ծրագրերը նույնպես գերակշռող են այս տարվա հայտերի մեջ, ինչպես միշտ, բավական շատ են ասֆալտապատման և սալարկման հայտերը:
2021-ին սուբվենցիոն 678 ծրագիր էր հաստատվել՝ 48,4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որում պետական բյուջեի համաֆինանսավորումը կազմել է շուրջ 23,2 մլրդ դրամ։ 2022-ի հայտերը կգերազանցեն այս ցուցանիշը:
Գնել Սանոսյան - Բազմաթիվ են հայտերը, հուրախություն մեզ, այս տարի բավական ակտիվ հայտեր ունենք մարզերից, համայնքներից, և նախնական պատկերը դեռ ամբողջական չէ, բայց այն կանցնի 50 միլիարդը:
Պետությունն առաջարկում է մինչև 25 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի համար պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելացնել 10 տոկոսով, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի համար համայնքային բյուջեների ֆոնդային մասից համաֆինանսավորումը նվազեցնել մինչև 1,5 մլն դրամ։