Տիտոգրադյան, Լենինգրադյան, Տիչինայի և Ֆուչիկի՝ Երևանում օտարահունչ այս անուններով փողոցներ մեծապես խորհրդային տարիներին են հայտնվել: Օրինակ՝ չեխ լրագրող, կոմունիստ Յուլիուս Ֆուչիկին՝ իր անունը կրող փողոցի բնակիչներից այսօր էլ ոչ բոլորն են ճանաչում, մի մասն էլ նրան շփոթում է կոմպոզիտոր հորեղբոր հետ:
Լևոն Զաքարյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Ցանկացած քաղաքացի կամ կազմակերպություն կարող է առաջարկներ ուղարկել Երևանի քաղաքապետարան, այդ առաջարկները մենք ստանում ենք, և եղել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիների առաջարկով են փողոցներ անվանակոչվել:
Այգեստան թաղամասի որոշ անանուն փողոցներ հայ գիտնականների անուններով կոչելու նախաձեռնությամբ Լևոն Զաքարյանին դիմել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը: Այժմ նախագիծը մշակման փուլում է:
Լևոն Զաքարյան - Այդ փողոցներն անուններ չունեն, ուղղակի թվերով նշված են, և իմաստը մեծ հաշվով հանրահռչակելու մեր գիտնականներին և նաև ԵՊՀ դերի հետ կապված էլի նույն գաղափարը, որպեսզի մենք ունենանք փողոցներ, որոնք անվանի համալսարանականների անուններով են:
Այգեստանի անանուն փողոցները կկրեն պետական, հասարակական գործիչ Նիկոլ Աղբալյանի, լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի, մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի, բուսաբան Արմեն Թախտաջյանի, ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի և լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անունները։
1990 թվականից մինչև օրս Երևանում անվանակոչվել է շուրջ 200 փողոց, պողոտա, նրբանցք և փակուղի:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան