Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար նոր խստացումներ կան. աշխատանքային միգրանտը ոտքը Ռուսաստանում դնելուց հետո 30 օր ունի՝ պետք է պարտադիր մատնահետք հանձնի, լուսանկարվի, բուժզննում անցի:
Նվեր Զախարյան - Այստեղից որ գնամ, պիտի 30 օրվա մեջ հանձնե՞մ, չէ՛, տեղյակ չեմ, առաջին անգամն է, որ լսում եմ:
Առաջին անգամ այս խստացումները Դաշնությունում կիրառվեցին նախորդ տարեվերջից և վերաբերում են Ռուսաստան աշխատելու մեկնած բոլոր օտարերկրացիներին, բացառություն են Բելառուսի քաղաքացիները, մինչև 6 տարեկան երեխաները, դեսպանությունների ու միջազգային կազմակերպությունների աշխատակիցները:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Սա նորություն է, երկրորդ կետով բուժզննում՝ քովիդ, կախվածությունը թմրանյութերից, ՁԻԱՀ, երրորդ կետով՝ բոլոր այս փաստաթղթերը պետք է 30 օրվա ընթացքում ներկայացնել ՌԴ ՆԳՆ տարածքային բաժին:
Նույնն է ընթացակարգը նաև այն մարդկանց համար, որոնք մուտք են գործել Ռուսաստան ոչ աշխատանքային նպատակով, բայց 90 օրից ավելի երկրում մնալու մտադրություն ունեն: Նրանք էլ 90 օրացուցային օրվա ընթացքում պետք է կատարեն նույն գործողությունները:
Մեկ անգամ մատնահետք հանձնելը, լուսանկարվելը բավարար են, եթե անուն կամ ազգանուն չես փոխել: Բուժզննման պարագայում գործընթացն այլ է՝ երեք ամիսը մեկ պետք է համապատասխան ընթացակարգ անցնել:
Նելլի Դավթյան - Ընդ որում, եթե կա կասկած, որ կա այս կամ այն հիվանդությունը, ապա ժամկետը երկարում է 18 օր, և 30 օրից կորցնում է 18-ը, նորից կանգնում հաշվառման:
Եթե 30 օրվա ընթացքում աշխատանքային միգրանտը չի հասցնում ամբողջական ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, կամ եթե որևէ հիվանդության գծով տեղեկանքը թերի է, ՆԳՆ-ից ծանուցում է ստանում, որ պարտավոր է 3 օրվա ընթացքում լքել Ռուսաստանի տարածքը:
Նելլի Դավթյան - Եթե միգրանտը չի լքում երկրի տարածքը, նրա հանդեպ կիրառվում է վարչական տուգանք, բայց վճարելով չի ազատվում պատասխանատվությունից, դրանից հետո 5 տարով արգելվում է նրա մուտքը երկիր:
Ռուսաստանում միգրացիոն այս խստացումները հնարավոր է փոխվեն, լրամշակվեն, բայց մինչ այդ Հայաստանի միգրացիոն ծառայությունը հորդորում է՝ նման խնդիրներից խուսափելու համար հետևել նոր ընթացակարգին: