Անվտանգային հարցերում Ռուսաստանի հետ կան հակասություններ, սակայն երկխոսությունը հնարավոր է` Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Օլաֆ Շոլցը պաշտոնական Մոսկվային նախազգուշացրել է, որ Ուկրաինա հնարավոր ներխուժման դեպքում քաղաքական, տնտեսական և աշխարհառազմավարական լուրջ հետևանքներ կլինեն։
Օլաֆ Շոլց, Գերմանիայի կանցլեր - Բեռլինն Ուկրաինային զգալի ֆինանսական օգնություն է ցուցաբերում։ Մենք կշարունակենք ակտիվորեն աջակցել Կիևին, սակայն գերմանական արտադրության զենք մատակարարելու մասին խոսք լինել չի կարող։
Շոլցը ևս մեկ անգամ շեշտել է՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա և տեսանելի ապագայում չի լինի։
Մյունխենի անվտանգության համաժողովն ընթանում է Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին, երբ պաշտոնական Կիևը և Դոնեցկի ու Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարի ռեժիմը խախտելու համար, հազարավոր մարդիկ էլ տարհանվում են Ռուսաստան։ Վերջինս էլ 1999 թվականից ի վեր առաջին անգամ պաշտոնական մակարդակով չի մասնակցում համաժողովին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էսկալացիայի սպառնալիքը կարող է լիովին վերափոխել ներկա աշխարհակարգը։
Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Եվրահանձնաժողովի նախագահ - ԵՄ-ն պատրաստ է պատասխանել Ռուսաստանի ագրեսիային, և Մոսկվայի դեմ պատժամիջոցների լուրջ փաթեթ ընդունել, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Հուսով եմ՝ Ուկրաինայի հարցը չի հանգուցալուծվի հակամարտությամբ։
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների մասին համաժողովի շրջանակում խոսել է նաև ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը: Նա, այնուհանդերձ, նշել է՝ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և նրանց գործընկերները պատրաստ են դիվանագիտական երկխոսության։
Ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու կարևոր պայմաններից մեկը Ուկրաինայի սահմանների մոտից ռուսական զորքերի հետքաշումն է՝ նման հայտարարություն էլ արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։ Նա նաև անընդունելի է անվանել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դադարեցնելու՝ պաշտոնական Մոսկվայի պահանջը։
Ենս Ստոլտենբերգ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար - Երկխոսությունը կարող է մեծացնել եվրոպական բոլոր պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգությունը։ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է Մոսկվայի հետ առարկայական երկխոսության։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է նաև Մեծ Յոթնյակի երկրների ներկայացուցիչների հանդիպումը: Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ յոթնյակը համերաշխ է Ուկրաինայի հետ, և պատրաստ է շարունակել շփումներն առկա խնդիրները լուծելու համար։ Բերբոքը հաստատել է նաև, որ արտգործնախարարների նիստին հրավիրվել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան:
Ռուսաստանը բարձր և բարձրագույն մակարդակներով շարունակաբար հերքում է երկրի հասցեին հնչող մեղադրանքները՝ հայտարարելով՝ Մոսկվան հանդես է գալիս դիվանագիտության և բանակցությունների օգտին։ Վերջերս անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա ենթադրյալ հարձակման մասին Արևմուտքի հայտարարություններին՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ ոչ միայն ենթադրյալ ագրեսոր երկիրը՝ Ռուսաստանը, այլև ենթադրյալ զոհ երկիրը՝ Ուկրաինան, բազմիցս հերքել են հնարավոր ներխուժման մասին տեղեկությունները։