Երկկողմ հարաբերությունների ամրապնդում և զարգացում, անվտանգություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Մյունխենում գործընկերների հետ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցերի լայն օրակարգ է քննարկել:
Հարևան Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանն արձանագրվել է՝ Երևանը և Թեհրանը գոհ են հարաբերությունների դրական դինամիկայից, պատրաստ՝ որակական նոր մակարդակի հասցնել գործակցությունն անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ու մշակույթի և այլ ոլորտներում։ Արարատ Միրզոյանը և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծել են «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի վերջնականացման և ստորագրման անհրաժեշտությունը:
Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Տոբիաս Լինդների հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Կանադայի գլխավոր դիվանագետի հետ նախարար Միրզոյանը միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր է քննարկել: Մելանի Ժոլին վերահաստատել է Կանադայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:
Սաուդյան Արաբիայի պաշտոնակցի հետ Հայաստանի արտգործնախարարը գործակցության հեռանկարն է քննարկել, համոզմունք հայտնել՝ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում գործակցության ներուժ կա: Արարատ Միրզոյանը և Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդն ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։
Մյունխենում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև գերմանացի գործարարների, գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել ընկերություններից մեկի կենտրոնակայանում: