Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանի կարգավիճակում առաջին ելույթն ունեցավ իր համար խորհրդանշական տոնին: Հայաստանի Զիված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությանը ներկա էին Ռուսաստանի ԱԳՆ, Զինված ուժերի ներկայացուցիչներ, Դաշնությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ ու ռազմական կցորդներ, Մոսկվայի հայ համայնքի գործիչներ:
Դեսպանն իր ելույթում կարևորեց բանակի բացառիկ դերը հայոց պետականության ամրապնդման, Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն իր խոսքում կարևորեց Հանրապետության Զինված ուժերի շարունակական արդիականացումը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հարությունյանն առանձնացրեց Ռուսաստանի և նրա խաղաղապահ առաքելության առանցքային դերը տարածաշրջանում կայունության հաստատման գործում, ինչպես նաև պաշտպանական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը:
Վաղարշակ Հարությունյան, ՌԴ-ում ՀՀ դեսպան - Հայաստանը, ի դեմս իր բարձրագույն ղեկավարության, առանձնահատուկ կարևորություն է տալիս հայ-ռուսական ռազմական համագործակցության ամբողջ ներուժի զարգացմանը, այդ թվում՝ Հանրապետության Զինված ուժերի արդիականացման ընթացիկ համատեղ աշխատանքներին:
Դեսպանությանը կից ռազմական կցորդն անդրադառնալով հայ-ռուսական ընթացիկ ռազմատեխնիկական համագործակցության առանձին ասպեկտներին՝ իր խոսքում առանձնացրեց ներկայումս իրականացվող քայլերը՝ ուղղված Հայաստանի Զինված ուժերի ինտենսիվ զարգացմանն ու արդիականացմանը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները և տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացները:
Արմեն Լալայան, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր - Հաջողությամբ զարգանում և ընդլայնվում է մեր ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև համատեղ աշխատանքը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում:
Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ ռուսական ռազմական գերատեսչության աջակցությամբ ինտենսիվորեն ընթանում են հայկական Զինված ուժերի արդիականացման և բարեփոխման աշխատանքներ: ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալն էլ լրացնում է՝ ռազմական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն Է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում:
Յարոսլավ Մոսկալիկ, ՌԴ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ - Ամեն տարի հաստատվում է ցանկը, որն իր մեջ ներառում է 40-ից ավելի համատեղ օպերատիվ միջոցառում, մարտական պատրաստություն: Մեծ աշխատանք է տարվում նաև ՀՀ Զինված ուժերի կառավարման արդյունավետության, օպերատիվ պատրաստության փորձի բարձրացման ուղղությամբ:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Հարությունյանը մի շարք ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցավ միջոցառմանը ներկա ՌԴ տարբեր գերատեսչությունների պաշտոնական ներկայացուցիչների և գործընկերների հետ: