Կրիպտոարժույթները գոյություն ունեն ավելի քան 10 տարի, բայց տարբեր երկրների կենտրոնական բանկերը դրանց շրջանառության և արտադրության կարգավորման ուղղությամբ հստակ քաղաքականություն դեռ չեն կարողանում մշակել: Չինաստանից հետո այս ոլորտում որոշ սահմանափակումներ է պատրաստվում կիրառել Ռուսաստանը: Ավելի վաղ այդ երկրի Կենտրոնական բանկն առաջարկել էր արգելել ոչ միայն կրիպտոարժույթների շրջանառությունը, այլ նաև դրանց մայնինգը, այսինքն՝ թողարկումը կամ արտադրությունը:
Հատկանշական է, որ էժան էլեկտրաէներգիայի և բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ Ռուսաստանը նաև համարվում է մայնինգային կենտրոններից մեկը: Համաձայն Ռուսաստանի ԿԲ-ի տվյալի՝ երկրում թվային արժույթների շրջանառությունը գերազանցում է 5 միլիարդ դոլարը, սակայն նախորդ տարի Ռուսաստանում կրիպտոներով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում կատարելու հնարավորությունը սահմանափակվել էր: Եթե այդ սահմանափակումները շարունակվեն, դրանից կարող է օգտվել Հայաստանը, սակայն, դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել՝ ասում են մասնագետները:
Տաթևիկ Առուստամյան (տնտեսագետ) - Կարևոր են օրենսդրական կարգավորումները, և այդ ոլորտի համար կարգավորման մեխանիզմների իրականացումը, թեպետ հիմա էլ Հայաստանում մայնինգային խմբեր և անհատներ գործունեություն են ծավալում:
Հայաստանում արդեն մի քանի տարի մայնինգային ֆիրմաներ են գործում, սակայն դրանց ծավալի վերաբերյալ պաշտոնական տվյալներ այս պահին չկան: Միաժամանակ, չկան նաև օրենսդրական կարգավորումներ: Եվ ոլորտը փաստորեն ինքնուրույն է զարգանում: Դա ունի թե՛ բացասական, թե՛ դրական կողմեր՝ նկատում է մեդիաանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության փորձագետ) - Չինաստանը երբ փակվեց, դա բերեց շատ երկրներում տեղափոխությունների, նույն Ղազախստանը, ԱՄՆ-ն: Բայց մայներները գնում են այն երկրներ, որտեղ կա էժան էներգիա, կամ ունեն արտոնություններ: Հայաստանն այդ տեսանկյունից անհասկանալի երկիր է, քանի որ մեզ մոտ օրենսդրական նկարագրություն չկա:
Մասնագետը չի բացառում, որ ինչ-որ պահի նաև Հայաստանի կենտրոնական բանկը կարող է որոշ սահմանափակումներ նախաձեռնել: Սակայն, կարգավորող մարմինը կարող է գնալ նաև այլ ճանապարհով: Կրիպտոարժույթների արտադրությունը ապահովում է ֆինանսական հոսքեր, և ենթադրում է մի շարք առավելություններ պետության համար:
Սամվել Մարտիրոսյան - Մեծ հաշվով, դա նաև տեխնոլոգիաներ են: Դա նաև մայնինգն է, որը ապահովում է կրիպտոների շարժը, ինչը թույլ է տալիս ստեղծել ենթակառուցվածքներ: Կան այլ ածանցյալներ, օրինակ՝ էլեկտրաէներգիայի սպառումն է ավելանում:
Կրիպտոների շուկայում միտումները բազմակողմ են: Եթե որոշ պետություններ սահմանափակում են կրիպտոների շրջանառությունը, առանձին խոշոր ընկերություններ, հակառակը՝ փորձում են վաճառք կազմակերպել թվային դրամի միջոցով: Ամենահայտնի օրինակներից «Տեսլան» է, որի էլեկտրական մեքենաները հնարավոր է գնել նաև կրիպոարժույթով: