Դժվար է հիշել կալիֆոռնիահայերի որևէ մեծ նախաձեռնություն առանց Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի մասնակցության: Մշտապես համայնքի կողքին է բոլոր կարևոր պահերին՝ լինի Հայոց ցեղասպանության դատապարտումը, Արցախի Հանրապետության ճանաչման պահանջը, հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի դատապարտումը թե համայնքային ու համահայկական միջոցառումները։ Նա խոստովանում է՝ հայ համայնքը մշտապես եղել է իր սյուներից մեկը։
Էրիկ Գարսեթի (Լոս Անջելեսի քաղաքապետ) - Հայկական համայնքից են իմ մտերմագույն ընկերները, նրանք են իմ հենասյունը: Ես այնքան հիշողություններ ունեմ։ Կան և վատ ժամանակների հիշողությունններ, երբ մենք ոգեկոչել ենք անցյալի ողբերգությունները: Լավ ժամանակներ են եղել, երբ մենք միասին կառուցել ենք, ստեղծել ապագայի աշխարհը՝ լինի Երևանը և Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելը կամ ջանքերը՝ ստիպելու, որ Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
8 տարի ամերիկյան մեգապոլիսի ղեկավարի պաշտոնում, ընդհանուր առմամբ՝ 20 տարուց ավելի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում աշխատանքը Էրիկ Գարսեթին համարում է լավագույնը, որի մասին կարող էր երազել։ Այն ավարտում է Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքով՝ ստանձնելու Հնդկաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ Դիվանագետի աշխատանքը ոգևորում է իրեն: Քաղաքապետի պաշտոնում սովորում ես դիվանագիտություն, քանի որ ամեն օր գործ ունես տարբեր կարծիքի տեր մարդկանց հետ, որոնք փորձում են իրենց մոտեցումներն առաջ տանել, ասում է Գարսեթին ու ավելացնում, որ կկարոտի Լոս Անջելեսն ու ընկերներին։ Խոստանում է վերադառնալ մի քանի տարուց ու շարունակել ընկերների հետ սկսած գործերը։ Իսկ ընկերները՝ ամերիկահայ համայնքը, հավաքվել էին՝ բարի ճանապարհ մաղթելու նրան: Հարազատի պես ողջագուրվեց բոլորի հետ, խոստացավ՝ սա բարեկամության ավարտը չէ:
Էրիկ Գարսեթի - Հայ համայնքի հետ հարաբերությունը պատիվ է ամբողջ կյանքի համար։ Եվ սա իմ՝ քաղաքականության մեջ լինելու բերումով ընկերություն չէ: Նրանք իմ ամբողջ կյանքի ընկերներն են։ Այնպես որ, ես ակնկալում եմ կրկին ճամփորդել Հայաստան, գուցե՝ Հնդկաստանից, որն ավելի մոտ է Հայաստանին: Ես մշտապես կաջակցեմ Հայաստանի ժողովրդին, որն իմ սրտում է։ Լսել եմ, որ Կալկաթայի առաջին եկեղեցին նույնպես հայկական է, հայերն ամենուր են։ Իմ հայ ընկերներն ասում են՝ մի՛ անհանգստացիր, մենք նաև Հնդկաստանում ենք:
Էրիկ Գարսեթիի հետ հրաժեշտը, թեկուզ՝ ժամանակավոր, դժվար է նրա հայազգի գործընկերների համար, որոնք նրա հետ աշխատել են ոչ մեկ տասնամյակ։
Նինա Հաջիկյան (Լոս Անջելեսի փոխքաղաքապետ) - Ես բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել նրա հետ ու սովորել նրանից։ Գարսեթին բարի և քաջ անձնավորություն է, միշտ հանդես է եկել Հայաստանի շահերից: Նա մեկն էր, որ ամեն ապրիլի 24-ի ասում էր՝ եղել է Հայոց ցեղասպանություն, և նրա պես առաջնորդների շնորհիվ է, որ նախագահ Բայդենն ասաց՝ այո՛, դա ցեղասպանություն էր: Կարծում եմ՝ մյուս համայնքներն էլ երախտապարտ են նրան։
Հավաքվածներից ամենատխուրը թերևս Էրիկ Գարսեթիի 25 տարվա գործընկերն էր՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը։ Միասին շատ դժվարություններ են հաղթահարել, մեծ գործեր արել։ «Լոս Անջելեսն այլևս նույնը չի լինի առանց քաղաքապետ Գարսեթիի»,- ասում է Կրեկորյանը:
Փոլ Կրեկորյան (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Նա եղել է հոյակապ ընկեր ու գործընկեր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի աշխատանքում, նա եղել է ոգեշնչող առաջնորդ։ Նա մշտապես եղել է ոչ միայն Լոս Անջելեսի հայկական համայնքի մեծ աջակիցը, այլ նաև Հայաստանի և Արցախի բարեկամը: Վստահ եմ, որ զբաղեցնելով այդ բարձր պաշտոնը ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում՝ նա կկարողանա ազդել նաև այդ ոլորտի վրա:
Ամերիկահայ համայնքի առաջնորդները նույնպես վստահ են, որ Էրիկ Գարսեթիի հետ գործակցության երկար ճանապարհ են դեռ անցնելու։ Իսկ մինչև այդ համայնքը շարունակում է աշխատանքը մյուս հայամետ գործիչների հետ, որոնցից մեկն էլ Քևին Դե Լեոնն է։ Նա հայտ է ներկայացրել Լոս Անջելեսի քաղաքապետի պաշտոնի համար։
Նորա Հովսեփյան (Հայ դատի հանձնախմբի Արևմտյան Ամերիկայի ատենապետ) - Մեր հարաբերությունները Լոս Անջելեսի քաղաքապետի հետ միշտ լավ են եղել՝ ով էլ լինի, և վստահ եմ՝ այդպես էլ պիտի շարունակվի, որովհետև Լոս Անջելեսի հայ համայնքը հզոր է, մեծ է, և ով էլ լինի, անշուշտ չի անտեսի մեծ համայնքը։ Արդեն զորավիգ ենք կանգնած Քևին դե Լեոնին, գտանք հարմարագույն թեկնածուն, ան ալ մեզ շատ մոտ է եղել տարիների ընթացքում, և վստահ ենք՝ եթե ընտրվի, կարելին պիտ ընենք, որ ընտրվի, նույն ձևով պիտի շարունակենք աշխատել։
Քևին Դե Լեոնը նույնպես հայ համայնքի հետ գործակցում է երկար տարիներ։ Նա Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ է։ Հայամետ գործունեությամբ աչքի է ընկել Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում։ Նաև նրա ջանքերով Կալիֆոռնիայի վեհաժողովն ու սենատն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև։
Քևին Դե Լեոն (Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ) - Պատիվ է ինձ համար, որ հայկական համայնքն ինձ է աջակցում՝ սկսած այն ժամանակից, երբ դարձա ընտրովի պաշտոնյա։ 101-րդ մայրուղու վրա Հոլիվուդի Փոքր Հայաստան տանող ցուցատախտակի տեղադրումից մինչև դաշնային կառավարությանն ուղղված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ամենամյա պահանջը, ինչպես նաև Կալիֆոռնիայի խորհրդարանում Արցախի ճանաչման ջանքերը՝ ներկայացրել եմ ու կշարունակեմ առաջ տանել հայ համայնքի քաղաքականությունը՝ միջազգային, ազգային, պետական թե տեղական հարթություններում:
Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածուն խոստացավ՝ ընտրվելու դեպքում առաջին պաշտոնական այցը լինելու է Երևան՝ մեծ պատվիրակությամբ։