Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը շփման գծի երկայնքով հրետակոծությունների ինտենսիվության կտրուկ աճ է արձանագրել։ Առաքելության փետրվարի 18-ի զեկույցում նշվում է, որ Դոնեցկում աձանագրվել է հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք, իսկ Լուգանսկում՝ գրեթե 700-ը։
Դոնեցկի ու Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետություններն այսօր էլ հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին շարունակվում է Դոնբասի բնակիչների տարհանումը Ռուսաստան։ Դոնեցկն արդեն լքել է ավելի քան 6000 մարդ, 2436-ը՝ երեխաներ։ Ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագիր է ստորագրել՝ կոչ անելով պահեստային զինծառայողներին ներկայանալ զինկոմիսարիատներ՝ համընդհանուր զորահավաքին մասնակցելու համար:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հարձակողական գործողություն իրականացնել Դոնբասում։ Նա նշել է, որ պաշտոնական Կիևը ցանկանում է ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն էլ հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները պատասխան կրակ են բացում միայն այն դեպքում, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում։
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԼՈՒԾՄԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ
Չեն դադարում նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու դիվանագիտական ջանքերը։ Փետրվարի 20-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը։ Փետրվարի 23-ին տեղի կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Վերջինս ավելի վաղ նշել էր, որ հարկավոր է շարունակել համատեղ աշխատանքները, ինչի հարցում նախապես պայմանավորվել էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները։
Ջո Բայդենը մտադիր է նաև փետրվարի 24-ին առցանց հանդիպում անցկացնել Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու ուկրաինական հարցը։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։ Հաղորդվում է, որ Բայդենը և Վաշինգտոնի մի շարք դաշնակից երկրների ղեկավարներ արդեն իսկ հեռախոսազրույց են անցկացրել՝ աջակցություն հայտնելով դիվանագիտական ճանապարհով լուծելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցին մասնակցել են եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարները։
ԱՄՆ-Ն ԶՈՐՔ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱ. ԲԱՅԴԵՆ
ԱՄՆ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա կռվելու, եթե այդ երկրում հակամարտությունը սրվի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը: Ջո Բայդենը սակայն նշել է, որ շարունակելու են աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմն Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով արդեն ռեկորդային աջակցություն է ցուցաբերել Կիևին։ Բայդենի համոզմամբ՝ Ռուսաստանն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա. «Այս պահի դրությամբ ես համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը ներխուժելու որոշում է կայացրել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲԱՅԴԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը։ «Բայդենը կրկնել է Ուկրաինայի վրա հարձակվելու Ռուսաստանի ենթադրյալ փորձերի մասին չհիմնավորված թեզը՝ Մոսկվային սպառնալով պատժամիջոցներով»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հերքում է նման հայտարարություններն ու իրեն վերագրվող էսկալացիոն մտադրությունները: ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է նաև, որ Բայդենի ելույթում ոչ մի անդարադարձ չի եղել Դոնբասի բնակչության ներկայիս վիճակին և Ուկրաինայի կողմից հրադադարի խախտման դեպքերին:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՐԵՍԻՎ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱԳՆ
Թուրքիան շարունակում է հավակնել Հունաստանի հետ որոշ վիճելի կղզիների և գտնվում է մարտական պատրաստության մեջ. պատերազմի վտանգ կա։ Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Թուրքիան միակ երկիրն է, որը հանդես է գալիս այլ երկրի դեմ պատերազմ հայտարարելու օգտին այն բանի համար, որ վերջինս կատարում է իր պարտավորությունները»,- հայտարարել է Դենդիասը:
Նրա խոսքով՝ Անկարան շարունակում է ագրեսիվ և ապակայունացնող վարքագիծը:
«Թուրքիան օգտագործում է այս իրավիճակը, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է այլ ուղղությամբ, և անօրինական պահանջներ է առաջ քաշում Հունաստանի ինքնիշխանության նկատմամբ»,- նշել է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միևնույն ժամանակ Դենդիասը վստահեցրել է, որ Հունաստանը կպաշտպանի իր ինքնիշխանությունը, պետական շահերը և արժանապատվությունը: