ԱՄՆ-ը պետք է անի ավելին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը: «Այս շաբաթ հանդիպել եմ 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ։ Նրանց պատմությունները լսելուց և նրանց երեխաների հետ հանդիպելուց հետո պարզ է դառնում, որ մենք պետք է ավելին անենք՝ տեղի ունեցած վայրագությունները ճանաչելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»։ Կոնգրեսականը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է ընդլայնի Արցախից տեղահանվածների օգնությունն ու նվազեցնի Ադրբեջանին հատկացվող օգնությունը:
*****
Ռուսաստանի խորհրդարանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ մտադիր է մարտին Պրահայում հանդիպել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: «Շատ թեմաներ են կուտակվել՝ երկկողմ, «3+3» ձևաչափի վերաբերյալ: Խնդիրներ կան չվերթերի վերսկսման, քաղաքացիների ճանապարհորդությունների, վիզաների հետ կապված»,- նշել է Կարասինը:
*****
Դոնեցկ քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Ավտոբուսները, ինչպես նաև երկաթուղին օգտագործվում են բնակիչների տարհանման նպատակով՝ հայտարարել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեմզինը։ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխանցմամբ՝ Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների իշխանություններն արդեն կազմակերպել են գրեթե 36 000 մարդու տարհանումը դեպի Ռուսաստանի Ռոստովի մարզ։ Դոնբասից փախստականների թվի աճով պայմանավորված՝ մարզում հայտարարվել է արտակարգ դրություն։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ երկրում սադրանքները, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունները կանխելու համար։ Ծառայությունը նաև հերքել է հայտարարությունները, թե ուկրաինացի զինվորականները հարձակողական գործողություն են նախապատրաստում Դոնբասում։
*****
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ մեկնարկել են ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժությունները, որոնց ընթացքում արձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ներգրավված են օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերի ուժեր ու միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դաշնության ղեկավարը հետևել է վարժանքներին Կրեմլի իրավիճակային կենտրոնում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։