Քար ու ավազով գերբեռնված մեքենաները վնասում են ճանապարհները. անթույլատրելի քաշից ասֆալտը դեֆորմացվում է, խնդիրներ առաջացնում նաև երթևեկության համար: Արաքս համայնքի ճանապարհները 6 ամիս առաջ են մասնակիորեն նորոգել, բայց վարորդներն արդեն դժվարություններ ունեն:
Սահակ Հակոբյան (Արաքս համայնքի բնակիչ) - Երեք ավազահանք ունենք այս գյուղում, ավտոները ստեղով են գնում-գալիս: Դրա համար էլ ճանապարհները սենց են:
Վարդան Գրիգորյան (Արաքսի վարչական ղեկավար) - Հանք շահագործողների, շինարարություն անողների մեքենաներն են, որ էս տարածքով են անցնում: Որտեղ կան հանք օգտագործողներ, այս խնդիրը կա:
Արաքսում՝ երեք, Մարգարայում՝ երկու շահագործվող ավազահանք կա: Քարի հանքեր էլ կան: Այստեղից դուրս եկած մեքենաները նախատեսված քաշից մի քանի անգամ ավելի բեռ են տեղափոխում, կամուրջներն այս ծանրությանը չեն դիմանում:
Վարդան Գրիգորյան - «Զիլ» մեքենայի համար նախատեսված է 3-4 տոննա ծանրաբեռնվածություն, ինքն անցնում է 12 տոննայով:
Գերբեռնված մեքենաները հսկայական խոռոչներ են բացել Երասխահունի և Վարդանաշենի ճանապարհներին: Իսկ Ջրարբիի մոտ գտնվող կամուրջն այնպես են քայքայել, որ այստեղով անցնելն անգամ մեծ համարձակություն է պահանջում: Գրեթե անանցանելի է Երևան-Մարգարա ճանապարհի 8 կմ-անոց հատվածը: Պատահել է, որ գյուղացիները, հանքերի սեփականատերերի ուշադրությունը հրավիրելու համար, փակել են ճանապարհը: Չի օգնել:
Կնյազ Մանուկյան (Մեծամոր համայնքի բնակիչ) - Քանի անգամ փակեցին, չթողեցին, նորից նույն վիճակն է:
Հիմնականում բաց թափքով երթևեկող բեռնատարները նաև կեղտոտում ու փոշոտում են այն համայնքները, որտեղով անցնում են: Թափված ավազն ու քարերը մաքրելու համար համայնքների ղեկավարությունը պարբերաբար ասֆալտ մաքրող տեխնիկա է վարձակալում: Անվնաս ու մաքուր համայնք ունենալու համար գյուղացիները այլընտրանքային ճանապարհների առաջարկ են անում:
Բեռնատարներից տուժած գյուղերում կարծում են, որ մինչև համապատասխան վերահսկողություն չլինի, ճանապարհների հիմնանորոգման մասին խոսելը վաղաժամ կլինի: