Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 19-ին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պատմություն և կովկասագիտություն ամբիոնների ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ:
Նախարարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և պետականաշինության գործընթացին, ներհայկական կապերին, տարբեր այլ հարցերի:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հրամայական է համարել պատերազմից հետո ինքնակազմակերպվելու և առկա ու ապագա մարտահրավերներին համախմբված դիմագրավելու անհրաժեշտությունը՝ առանձնացնելով հատկապես գիտական ներուժի դերակատարությունը՝ պետության ռազմավարական ոլորտներում նվաճումներ արձանագրելու և պետականության կենսունակությունը ապահովելու գործում:
Դավիթ Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Արցախի միջև գիտական փոխգործակցության ակտիվացումը՝ ընդգծելով արցախագիտության զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի առաջատար բուհերում:
Արցախի ԱԳ նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին և տվել պարզաբանումներ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։