Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մոսկովյան հանդիպումից մեկ ամիս անց՝ փետրվարի 24-ին, կհանդիպեն Վիեննայում: Այս երկխոսությունն ունի տարածաշրջանային կարևորություն՝ ասում են ռուս փորձագետները և ընդգծում՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը և, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը անհրաժեշտ են թե՛ Երևանին, թե՛ Անկարային:
Ֆեոդոր Լուկյանով (քաղաքագետ, «Վալդայ» ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական աշխատանքների տնօրեն) - Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է և անվիճելի: Առաջին հերթին դա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի անկախության տարիների ընթացքում խոշորագույն խնդիրներն առաջացան շրջափակումից: Հիմա հարաբերությունների կարգավորումն առավել իրատեսական է, քան 2009-ին էր: Այս հարցում Թուրքիայի տրամադրվածությունն առավել դրական է, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հաղթահարել են 90-ականներին ղարաբաղյան պարտության բարդույթը:
Քաղաքագետը լավատես է. նրա կարծիքով՝ կողմերին կհաջողվի հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ինչին կհետևի սահմանների բացումը: Դրանում հետաքրքրված են բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը:
ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Միջազգային դերակատարներն աջակցում են նաև տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնմանը, ինչը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը:
Ֆեոդոր Լուկյանով - Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ իր շուրջը լինեն ոչ միայն չհակամարտող, այլև զարգացող երկրներ, իսկ առանց տրանսպորտային հնարավորությունների արդյունավետ օգտագործման զարգացում չի կարող լինել: Դա առաջնահերթ կարևորություն ունի նաև Հայաստանի համար: Կարծում եմ՝ դանդաղ, տանջալից, բայց այդ գործընթացն առաջ կշարժվի, դյուրին լինելու առումով որևէ պատրանք չկա: Ընդհանուր առմամբ, կոմունիկացիաների բացումն այլընտրանք չունի:
Իվան Կոնովալով (ռազմական փորձագետ) - Մենք հիմա տեսնում ենք՝ թուրքական կողմի բոլոր գործողությունները ղարաբաղյան համատեքստում ուղղված են թույլ չտալու Հայաստանի և Իրանի միջև լուրջ փոխգործակցություն, բայց Իրանը չի նահանջի: Նա նույնպես Հարավային Կովկասում ուզում է լինել լուրջ խաղացող, ուստի իր սեփական շահերն առաջ կտանի: Ռուսաստանը նույնպես հակասություններ ունի Թուրքիայի հետ այս ընդհանուր դաշտում:
Ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրությունից չեն վրիպում նաև Արցախում հաճախակի դարձած ադրբեջանական սադրանքները, ինչպես նաև Ադրբեջանում ռուսական խաղաղապահ զորակազմի նկատմամբ տեղեկատվական արշավները: Խնդիրը հստակ է՝ ստվերել ռուս խաղաղապահների դերակատարումը և հասնել Արցախի հայաթափման:
Իվան Կոնովալով - Այն, ինչ հիմա տեղի է ունենում ռուս խաղաղապահների դեմ, շարունակվող տեղեկատվական պատերազմի մաս է, որը ձեռնտու է և՛ Բաքվին, և՛ Անկարային: Նրանք հետաքրքրված են Ղարաբաղում իրենց շահերի առաջխաղացմամբ: Ակնհայտ է՝ գլխավոր նպատակը ռուս խաղաղապահների հեռացումն է:
Լուկյանովի կարծիքով՝ ադրբեջանական սադրանքները և տեղեկատվական հարձակումները չեն կարող արդյունք տալ:
Ֆեոդոր Լուկյանով - Այո՛, մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից քննադատություն և հարձակումներ, բայց կարծում եմ՝ ռուսական խաղաղապահ մշակույթը հիմնվում է բավականին խոր ինքնավստահության վրա և ուշադրություն չի դարձնում, թե ինչպես են հարևաններն ընթացքում արձագանքում, քանի որ նրանց առջև կա դրված խնդիր, և այն պետք է կատարվի:
Փորձագետները նշում են՝ ադրբեջանական սադրանքների հակազդման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն նաև նկատում են, որ այդ քայլերը բավական զուսպ են: