Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանի՝ ենթադրյալ չարաշահումների գործով նախաքննությունն ավարտվել է: Գործով բացի Մկրտչյանից մեղադրյալ է ևս 8 անձ՝ համայնքապետին օժանդակելու համար:
61-ամյա Արա Մկրտչյանը, որը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, կալանքի տակ է անցած տարվա նոյեմբերից: Ենթադրյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են տարբեր տարիներին հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն: Խոսքը 4 տարբեր դրվագների մասին է:
Վազգեն Վարդանյան (ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - Դրվագներից մեկով Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա տեղեկացված լինելով, որ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը փաստացի ծանրաբեռնված է գերեզմաններով, այն օտարելու նպատակով նախ վարձակալությամբ հանձնել է իր մտերիմ անձին, այնուհետև կայացրել է որոշում գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը օտարելու վերաբերյալ:
Այսպիսով, ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանն անտեսել է Հողային օրենսգրքով նախատեսված արգելքը, ըստ որի՝ քաղաքացիական և զինվորական գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքները վաճառքի ենթակա չեն:
Մյուս երկու դրվագները նույնաբնույթ հանցագործությունների մասին են:
Վազգեն Վարդանյան - Համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման նպատակով իրեն դիմած անձանց ներկայացնում է մեկնարկային գնից կրկնակի կամ ավելի թանկ տեղեկատվություն, որից հետո տարբեր եղանակներով մի դեպքում ուղղակի կեղծ աճուրդներին արձանագրելով իրեն դիմած անձանց տվյալները, իսկ մյուս դեպքում կեղծ աճուրդներ կազմակերպելով և դրանցում ներառելով իր մտերիմ անձանց անունները՝ հետագայում նշված հողատարածքները օտարում է իրեն դիմած անձանց:
Բացի դրանից՝ պարտավորվելով կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը՝ նա բանավոր համաձայնություն է տվել բնակիչներից մեկին՝ սկսել շինարարությունը, ինչպես նաև օգնել շենքը վաճառել համայնքի մեկ այլ բնակչի: Սակայն հետագայում տեղեկանալով, որ այդ դեպքի առթիվ քրեական գործ է քննվում՝ նա որոշել է կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկել:
Արա Մկրտչյանի վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 40 միլիոն դրամից ավելի վնաս:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան