Արդարադատության նախարարության որոշմամբ փակված երկու ՔԿՀ-ի հաստիքները մասամբ վերաբաշխվել են քրեկատարողական այլ հիմնարկների և պրոբացիայի ծառայության միջև: Այդպիսով փորձ է արվում լուծել շուրջ 300 աշխատակցի զբաղվածության հարց: Այս տարվանից դադարեցվել է «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը, որպեսզի քրեակատարողական համակարգը առավել օպտիմալ և արդյունավետ աշխատի: 2 հիմնարկի աշխատակիցները գերազանցում էին անազատության մեջ պահվողներին, մինչդեռ միջազգային չափանիշները հստակ սահմանում են՝ ՔԿՀ-ի մեկ ծառայողին պետք է բաժին ընկնի 3-4 դատապարտյալ:
Միշա Խուդավերդյան (ԱՆ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ) - ՔԿ շուրջ 150 ծառայող աշխատանքի է անցել քրեակատարողական այլ հիմնարկներում, 82-ը անցել է կադրերի ռեզերվ, իսկ, ահա, աշխատանքից ազատվել են հիմնականում քրեկատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող անձինք: Նրանք 35-ն են, քանի որ ՔԿ ծառայության մասին օրենքով նրանց կադրերի ռեզերվում գրանցելու կետ չկա:
Կադրերի ռեզերվում գրանցվելուց հետո հունվարին ՔԿ-ի 3 ծառայող նշանակվել է պաշտոնի: Քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետի խոսքով՝ պետք չէ անհանգստանալ նաև կրճատումից հետո համակարգում դեռևս տեղ չգտած աշխատակիցների համար: ՔԿՀ-ներում այս պահին կա 150 թափուր հաստիք, որից 120-ը հենց կրտսեր խմբի պաշտոնների համար է նախատեսված: Այս մասին բոլոր նախկին աշխատակիցներին ադեն ծանուցել են:
Միշա Խուդավերդյան - Քրեակատարողական ծառայողները, որոնք կադրերի ռեզերվում են գրանցվում, գրանցված են մնում օրենքով 6 ամիս ժամկետով, որից 4 ամսվա ընթացքում հատկացվում է փոխհատուցում իրենց աշխատավարձի չափով: Իսկ քաղծառայողների դեպքում՝ 3 ամիս:
Առաջիկայում նախատեսվում է փակել նաև «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ները ու կառուցել մեկ մեծ քրեակակատարողական հիմնարկ՝ Երևանի մերձակայքում: Խուդավերդյանն ընդգծում է՝ հարցը օրակագային է դարձել 2018-ի համաներումից հետո, մինչև այդ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված շուրջ 5000 անձ և 2000 աշխատակից կար:
Միշա Խուդավերդյան - Բացի դրանից՝ Կառավարության որդեգրած քաղաքականության արդյուքնում վերսոցիալականացման արդյուքնում ազատությունից զրկվածների թիվը նվազեց ու առաջացրեց նման դիսբալանս, իսկ ինչ վերաբերում է այլ հիմնարկներում պատկերին, բալանսը, այսպես ասած, պահպանված է:
Նոր կալանավայրը կհամապատասխանի միջազգային բոլոր ստանդարտներին: Բարվոք պայմաններ կլինեն ոչ միայն անազատության մեջ գտնվողների համար, այլև աշխատակիցների, որոնք տարիներ շարունակ, շատ դեպքերում՝ ոչ պատշաճ միջավայրում են իրենց ծառայությունը անցկացրել: