Ստեփանակերտում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Այստեղ կհաճախեն տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված ավագ դպրոցի աշակերտները:
Սեդրակ Վարդանյան («Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար) - Այստեղ կարող են, որպես կանոն, հաճախել 15 տարեկանից բարձր երիտասարդները, բայց բացառիկ դեպքերում՝ նաև 14 տարեկանից: Դասընթացի տևողությունը մեկ տարի է և 250 ժամ է լինելու:
Պաշտոնական բացմանը նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն է մասնակցել:
«Ինսթիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանի խոսքով՝ հանրակրթական ծրագրերից դուրս արտադասարանական նմանատիպ խմբակներն անհրաժեշտություն են:
Վահագն Պողոսյան («Ինսթիգեյթ» ընկերության համահիմնադիր) - Արտադասարանայինով է կայանում այդ նեղ, մասնագիտացված, գիտական լուրջ զբաղվածության նկատմամբ սերը: Եվ հակումները բացահայտվում են այդ խմբակներում, ոչ թե դասերի ժամանակ:
ԱԹՍ-ների նախագծում և պատրաստում, ծրագրային ապահովում, տեխնիկական սպասարկում ու կառավարում. կուսումնասիրեն աշակերտները: 2020-ի պատերազմը ցույց տվեց, որ օդային տեխնոլոգիաների դերն անվտանգային համակարգում մեծ է՝ շեշտել է առաջատար տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը:
Հայկ Չոբանյան (ԱՏՁՄ գործադիր տնօրեն) - Մենք մեծ ապագա ենք տեսնում այս ուղղության մեջ, որովհետև հսկայական պոտենցիալ կա այս ոլորտի զարգացման և պահանջարկի աշխարհում: Եվ նախորդ տարիներին «Արմաթ» լավորատորիաների աշխատանքը նպաստել է, որ այսօր մենք համարձակորեն գնանք ավելի ճշգրիտ, ավելի բարդ տեխնոլոգիաների ուսուցման:
Արծրուն Արշակյանն Արցախում է «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրով: Երկու ամիս վերապատրաստվելուց հետո պատրաստ է աշխատել երեխաների հետ:
Արծրուն Արշակյան (ԱԹՍ կրթական աշխատանոցի խմբակավար) - Այն երեխաները, որոնք որոշելու են այստեղ գալ, շատ մեծ հաճույքով են գալու, որովհետև անգամ ես, երբ ինձ մոտ առաջին ԱԹՍ-ն ստացվեց, շատ-շատ ուրախացա, ոգևորվել էինք: Ու պատկերացնում եմ, որ դա շատ ավելի ուժեղ կլինի:
ԱԹՍ կրթական աշխատանոցներ առաջիկայում կբացվեն Արցախի շրջաններում ևս: Ծրագրին կաջակցի նաև Արցախի կառավարությունը: