ԱՄՆ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի ռուսական նախագծին ամերիկյան պատասխանի վերաբերյալ արձագանքը։ Փաստաթղթում նշվում է, որ ամերիկյան կողմը կառուցողական պատասխան չի տվել Ռուսաստանի առաջարկներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարվելու, նախկին խորհրդային երկրների տարածքում ռազմաբազաներ չտեղակայելու մասով:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աճող ռազմական ակտիվությունը անմիջապես ռուսական սահմանների մոտ տագնապ է հարուցում, մինչդեռ մեր «կարմիր գծերը» և անվտանգության ոլորտում արմատական շահերը, ինչպես նաև Ռուսաստանի՝ դրանք պաշտպանելու ինքնիշխան իրավունքը նախկինի պես անտեսվում են»,- նշել են ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունում՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան համապատասխան գործողություններ կձեռնարկի, այդ թվում՝ ռազմատեխնիկական բնույթի:
Ըստ ՌԴ ԱԳՆ հրապարակած փաստաթղթի՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման համար, մասնավորապես, անհրաժեշտ է դադարեցնել Կիևին զենքի մատակարարումները, հրաժարվել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժություններից:
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Վաշինգտոնն ուսումնասիրում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի արձագանքը։ «Մինսկի համաձայնագրերի հիման վրա Դոնբասում ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացը կարող է նպաստել Ռուսաստանի հետ անվտանգային հարցերով ավելի ակտիվ քննարկումներին»,- նշել է նա:
ՌԴ-ԱՄՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փետրվարի 18-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նախատեսվում են հեռախոսային բանակցություններ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Պաշտպանության նախարարների միջև:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է առաջարկել հանդիպել Եվրոպայում։ Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
«Ես նամակ եմ ուղարկել Ռուսաստանի արտգործնախարարին, հրավիրել հանդիպման՝ քննարկելու՝ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար», - նշել է նա։ Պետքարտուղարն առաջարկել է նաև նոր հանդիպումներ անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի շրջանակում։
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ ռուսական կողմը պատասխանել է Բլինքենի նամակին՝ հանդիպման ժամկետ նշելով հաջորդ շաբաթը, ամերիկյան կողմն ընդունել է առաջարկը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները երկու անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ոստիկանության պատասխանատվության գոտում։ Այդ մասին հայտնել է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնից։
Կենտրոնում Լուգանսկի ներկայացուցչության փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով Նիկոլաևկա բնակավայրում վնասվել են բազմաբնակարան շենքերի ապակիներ։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը նույնպես հայտնել է հրադադարի ռեժիմի խախտման մասին։ «Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները փետրվարի 18-ի առավոտյան կրակել են Հանրապետության տարածքի ուղղությամբ՝ արձակելով 122 մմ տրամաչափի 12 արկ»,- ասված է հայտարարության մեջ։
Պաշտոնական Կիևը հրադադարի խախտման մեջ մեղադրել է մյուս կողմին՝ նշելով, որ Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունները կրում են բացառապես պաշտպանական բնույթ: ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ Ուկրաինան Դոնբասում հարձակողական գործողություններ չի նախատեսում:
ՌԴ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՍՐՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ. ՊԵՍԿՈՎ
Ուկրաինայի վրա հարձակվելու՝ Մոսկվայի պլանների մասին հայտարարությունները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, սրում են իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կարծիքով էլ ռուսական հնարավոր հարձակման մասին հաղորդումները աշխատում են Ուկրաինայի դեմ։ «Սա անկասկած միայն կորուստների պատճառ կարող է դառնալ։ Եվ կարևոր չէ, թե ով է տարածում այդ լուրերը», - նշել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, սակայն, համոզված է՝ ՆԱՏՕ-ի քարոզչությունը «Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին» ուղղված է կանխելու այդ ներխուժումը։
«Այն, որ մենք խոսում ենք ռիսկերի մասին, չի նշանակում, թե հավատացած ենք, որ ներխուժումը 100 տոկոս հավանականությամբ տեղի կունենա»,- նշել է Ստոլտենբերգը։
ՄՅՈՒՆԽԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Ուկրաինայի շուրջ լարվածությունը լինելու է այսօր մեկնարկող Մյունխենի անվտանգության համաժողովի առանցքային թեման: 58-րդ միջազգային ֆորումն այս տարի անցկացվելու է առկա ձևաչափով։ Գերմանիա կժամանեն շուրջ 600 քաղաքական գործիչներ, գործարար և գիտական շրջանակների, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։
1999 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնական որևէ մակարդակով չի մասնակցում համաժողովին: