Հանրապետության փողոցի մի հատված այսօր մի քանի ժամ փակ էր: «Վարորդներն ընդդեմ ավտոապահովագրության վճարների թանկացման» հերթական ակցիան էին իրականացնում: Ակցիայի մասնակցիներից մեկի պնդմամբ՝ թանկացումը ոչ թե 3000, այլ որոշ վարորդների դեպքում՝ անգամ 27000 դրամ է կազմում:
Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրենը պարզաբանում է. թանկացումը միջինացված է: Օրինակ՝ բոնուսային դասում գտնվողների և բազային սակագնով վճարողների դեպքում թանկացումը 1500-3000 դրամ է: Սակայն այլ պատկեր է, երբ վարորդը մալուսային դասում է:
Վաղինակ Եղիազարյան, Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն - Երկրորդ հանգամանքը, որ մալուսային դասերի նաև տոկոսների վերանայում է եղել, դա էլ է ազդում: Մալուսային դասերում երկու հանգամանքով՝ մեկը 3000, մյուսը՝ մալուսային դասերի տոկոսների վերանայումով:
Ակցիայի մասնակից Արտակ Խաչատուրովի խոսքով՝ օրեր առաջ պարզել են, որ տաքսիների համար ապահովագրավճարը նվազելու փոխարեն ավելացել է:
Արտակ Խաչատուրով, ակցիայի մասնակից - Մարդիկ նախորդ տարի սեզոնային տաքսի են վարել, պայմանագրի ժամկետը լրացել է, նոր պայմանագիրը փորձում են սովորական կնքեն՝ ոչ տաքսի, ու չի ստացվում: Ստիպված են կրկին շարունակել տաքսու ԱՊՊԱ անել, որովհետև անցումային փուլ են ապրում:
Բյուրոյի տնօրենի խոսքով՝ առաջին փոփոխությունը նրանց է վերաբերում, ովքեր նոր են մեքենա գնել, և եթե ձևակերպում են տաքսի, ապա նրանց համար բարձր սակագին չի հաշվարկվում, այլ ստանդարտ 41000 դրամ: Եթե վարորդն ունի բոնուս կամ մալուս պատմություն, ապա դա փոխանցվում է: Իսկ անցումային շրջանում վարորդը ստիպված կլինի վճարել այնքան, որքան տաքսի վարելու դեպքում կվճարեր նախկինում:
Ըստ ավտովարորդների իրավունքների պաշտպան Խաչատուրովի՝ փոփոխություններից հետո օնլայն ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս զեղչ չի կիրառվի: Վաղինակ Եղիազարյանը, մինչդեռ, նշում է, որ զեղչային կարգը վերանայել են դեռ նախորդ տարի՝ այն վերապահելով միայն բոնուս ունեցողներին:
Վարորդները շարունակում են պնդել իրենց պահանջը՝ կասեցնել փոփոխություններն ու հանրային քննարկում նախաձեռնել, ավտոապահովագրողների բյուրոն էլ այլ տարբերակ է մատնանշում՝ կազմել առաջարկությունների փաթեթ, ներկայացնել բյուրո, պատճառաբանված դիտարկումների դեպքում փոփոխություններ կնախաձեռնեն: