2021 թվականին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը հայտարարել էր «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման հրավեր։
Այսօր հաղթող ընկերության՝ «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանին են ներկայացրել «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների համալիրի նախագիծը։
Հանդիպմանը մասնակցել են «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․ Հակոբյանը և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Նախքան նախագծի ներկայացումը՝ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է նոր մոտեցումներով քաղաքային պարկ ունենալու այն տեսլականը, որի շուրջ համախմբվել են ներկաները։
«Ջրվեժ» քաղաքային պարկի տարածքը նախատեսվում է զարգացնել և բարեկարգել՝ հաղորդելով նոր շունչ տվյալ տարածաշրջանին։Ծրագրի իրականացման արդյունքում քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի։
Խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ։
Ճարտարապետական ժամանակակից լուծումները և հորինվածքները հնարավորություն կտան չվնասելով բնությունը և միջավայրը, ինչպես նաև օգտագործելով արդեն իսկ գոյություն ունեցող կառույցները՝ ստեղծել ժամանցի ժամանցի լավագույն վայր։
Պարկի տարածքում նախատեսվում է կառուցել էկոլոգիապես բնական հումքից մանկական խաղահրապարակներ, սպորտային միջոցառումների կազմակերպման չափանիշներին համապատասխան վազքուղի, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մինի խաղադաշտեր, սքեյթի խաղահրապարակ, ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոկայանատեղի։
Նախատեսված են նաև ձմեռային հանգստի կազմակերպման ենթակառուցվածքներ՝ դահուկային երթուղիներ, սահադաշտ, սահքուղիներ։ Լինելու են ջերմոցներ, որտեղ տնկվելու ու աճեցվելու են բույսեր, այդ թվում նաև անտառային ծառատեսակներ։ Նախատեսված են նաև արվեստի գոտի, դասընթացների կազմակերպման գոտի և թեմատիկ այլ անկյուններ։
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի այս փուլում իրականացված աշխատանքների վերաբերյալ ու նշել, որ շատ տպավորված է աշխատանքի որակից և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել ծրագրի որքան հնարավոր է շուտ կյանքի կոչմանը։ Նախարարը խնդրել է գործընկերներին նույն որակով իրականացնել արդեն նախագծի հաջորդ փուլերը։