Համավարակի պայմաններում կարևորելով երեխաների առողջությունն ու նրանց նկատմամբ հոգատար վերաբերմունքը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։
Մարզպետը հանդիպել է նաև հիվանդանոցի բժշկական անձնակազմին, խոսել բուժսպասարկման որակի արդյունավետության ու ծառայությունների պատշաճ մատուցման մասին:
«Մանկական հիվանդանոցը կարևոր նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակումով մենք պետք է ջանքեր ներդնենք հիվանդանոցի մատուցած ծառայությունների որակի բարձրացման համար։ Մեր երեխաների առողջությունն ու նրանց նկատմամբ սրտացավ վերաբերմունքը ձեր աշխատանքի կարևոր պայմանը պետք է լինի»,- ասել է մարզպետը։
Նա հորդորել է բուժանձնակազմին լինել զգոն աշխատանքում՝ հաշվի առնելով գարնանային ամիսների շնչառական վարակների հնարավոր ակտիվացումը և, բնականաբար, համավարակը։
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում այժմ 19 երեխա է բուժում ստանում, վիրաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում՝ 21։