Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի և նրա փեսայի գործով դատական նիստը: Սարգսյանը մեղադրվում է Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակումը կազմակերպելու համար:
Դատարանում այսօր հարցաքննվել է վկա Լիպարիտ Գրիգորյանը, որն այս գործով նախկինում դատապարտված Արմեն Նիկողոսյանի խցակիցն է եղել: Ըստ վկայի ցուցմունքի՝ Նիկողոսյանը սկզբում խցակիցներին պատմել է, որ ինքը դատապարտվել է՝ որպես Ավետիսյանի տան վրա հարձակման գործով կազմակերպիչ:
Որոշ ժամանակ անց, ըստ վկայի, Նիկողոսյանը խցակիցներին հայտնել է՝ որոշել են որպես հարձակման կազմակերպիչ ներկայացնել Լևոն Սարգսյանին: Նիկողոսյանը, սակայն, իր ցուցմունքներով հերքել է խցակիցների հետ նման խոսակցությունը: