ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ, կարևորելով Հայաստանի մարզերում աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մրցունակ աշխատուժի ձևավորումը, երիտասարդների տնտեսական ակտիվացումն ու զբաղվածության ապահովումը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Հուշագրի համաձայն` ՀՕՖ-ի կողմից 2022-2026 թթ․ կկազմակերպվի 15–29 տարեկան մարզաբնակ շուրջ 2000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատում, մասնագիտական ուսուցում, վերապատրաստում և հմտությունների զարգացում՝ բարձր տեխնոլոգիաների գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում նրանց մրցունակությունը բարձրացնելու նպատակով։
Միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ ներգրավված երիտասարդների 70 տոկոսը կունենա աշխատանք կամ կապահովի իր կայուն զբաղվածությունը։
Միջոցառումները նախատեսվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի շրջանակում։
Դիմելու ընթացակարգի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։