Փետրվարի 18-ին 92 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Մասիս Գրիգորյանը:
Մասիս Գրիգորյանը ծնվել է 1929 թ. սեպտեմբերի 4-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1945 թ. ավարտել է տեղի նկարչական դպրոցը, 1960 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1974 թ. սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում: 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում (1986-1991 թթ.` դեկան, 1990 թ.-ից` պրոֆեսոր):
Մասիս Գրիգորյանը աշխատել է գեղանկարչության և գրաֆիկայի ասպարեզներում: Նրա մեծածավալ թեմատիկ նկարներն աչքի են ընկնում բազմապլանային խոհափիլիսոփայական բովանդակությամբ: «Ոզնի» ամսագրի համար կատարել է մի շարք ծաղրանկարներ: Գործերից են` «Առաջին դասը» (1967 թ.), «Հեռավոր ձայներ» (1973 թ.), «Հավատարմություն» (1978 թ.), «Կեսօր» (1979 թ.), «Անտարբերություն» (2000 թ.), «Հերթափոխ» (կոմպոզիցիա` նվիրված Մարտիրոս Սարյանին, 2003 թ.), «Հարցի լուծում» (կոմպոզիցիա` նվիրված Հայոց մեծ եղեռնին, 2003 թ.):
Ստեղծել է արդիական խնդիրներ արծարծող կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ, որոնց բնորոշ են պայմանական խորհրդանշական արտահայտչաձևերը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1996 թ.), Մոսկվայում (1999 թ.), Գյումրիում (2001 թ.): 1987-ից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ: 1962 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1970-1990-ական թթ. Մասիս Գրիգորյանը եղել է նաև Հայաստանի մշակույթի նախարարության Գեղարվեստական հանձնաժողովի նախագահ:
Մասիս Գրիգորյանի ստեղծագործությունները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան և Պատմության թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: 1990 թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: