Իրավիճակը Դոնբասում շարունակում է լարված մնալ։ Պաշտոնական Կիևը և Դոնեցկի ու Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում հրադադարի ռեժիմի խախտման համար։
Շփման գծի երկայնքով իրավիճակի սրման ֆոնին Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է մի շարք բնակավայրերից բնակիչների՝ Ռուսաստան տարհանման մասին։ Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պեսեչնիկը նույնպես հորդորել է բնակիչներին շտապ լքել իրենց տները։
Ավելի վաղ Դոնեցկը և Լուգանսկը հայտարարել էին շփման գծում լարվածության կտրուկ աճի մասին: Ըստ Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի՝ ուկրաինական կողմը օրվա ընթացքում կիրառել է ականանետներ, նռնականետներ, ինչպես նաև ծանր տեխնիկա: Վնասվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ։
Պաշտոնական Կիևը, սակայն, պնդում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները բացառապես ինքնապաշտպանական բնույթ են կրում, և հակառակ կողմն է դիմում սադրանքների: Երկրի միացյալ ուժերի օպերացիայի շտաբի հաղորդմամբ՝ հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ։ «Զինծառայողների շրջանում զոհեր չկան։ Ուկրաինական կողմը պատասխան կրակ է բացել՝ հակառակորդի ակտիվությունը զսպելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումների մեծ մասը կատարվել է Մինսկի համաձայնագրերով արգելված զինատեսակներից։
Նա հայտարարել է նաև, որ Ուկրաինան զարգացնում է իր պաշտպանական ներուժը, սակայն ռազմական գործողություններ չի ծրագրում Դոնբասի կամ Ղրիմի դեմ, և կոչ արել չհավատալ շրջանառվող տեղեկություններին։ Ռեզնիկովը ցածր է գնահատել Դոնբասում լայնածավալ էսկալացիայի հավանականությունը։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հայտարարել է, որ Դոնբասում նկատվում է իրավիճակի սրում։ Ավելի վաղ նախագահը նշել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման գրավականը մինսկյան պայմանավորվածությունների կատարումն է։
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Կիևը պետք է Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնեցնի հակամարտությունը դադարեցնելու տարբերակները, որքան շուտ՝ այնքան լավ։
Պաշտոնական Կիևը, սակայն, Դոնեցկի և Լուգանսկի հետ երկխոսության հետ կապված այլ մոտեցում ունի:
Վոլոդիմիր Զելենսկի, Ուկրաինայի նախագահ - Դա անիմաստ է: Նրանք քաղաքական հարցեր չեն որոշում: Ինչո՞ւ դրա վրա ժամանակ վատնենք:
Շարունակվում են նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածությունը դիվանագիտական եղանակով հանգուցալուծելուն ուղղված միջազգային դերակատարների ջանքերը։ Ուկրաինայի խնդրանքով՝ տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի և անվտանգության համագործակցության ֆորումի համատեղ արտահերթ նիստը։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան պարզաբանել է, որ Կիևին բավարար չեն երկրի սահմանի մոտ ռուսական զորավարժությունների ավարտի մասին հայտարարությունները։ Ռուսական կողմը չի մասնակցել հանդիպմանը՝ պատճառաբանելով, որ Ուկրաինայի խնդրանքը հիմքեր չունի։
Երկրում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկն լարվածության թուլացման նպատակով կողմերին կոչ է արել զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և միջոցներ ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու համար։
Ուկրաինայի հարցն առանցքային կլինի նաև Մյունխենում մեկնարկած անվտանգության համաժողովի շրջանակում, որի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը կարծիք է հայտնել, որ առկա մարտահրավերները հաղթահարելու համար բավարար ռեսուրսներ կան։ 1999 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չի մասնակցում համաժողովին։