Հայաստանում մեկնարկել է սիրողական ձկնորսության շրջանը: Ըստ Շրջակա միջավայրի նախարարի հրամանի, բացի Սևանա լճից, վարձակալված կամ սեփականություն համարվող ջրային տարածքներից, Հայաստանի մյուս գետերում, լճերում, ջրամբարներում արդեն կարելի է ձկորսությամբ զբաղվել: Սևանում կարելի է միայն կարաս որսալ: Սիգի որսի թույլտվություն դեռ չկա:
Սևակ Բալոյան (ՇՄՆ կենսառեսուրսների կառավարման վարչության պետ) - Նախարարի հրամանում սահմանվել է թվով 16 կենդանատեսակ, որից 15-ը ձկնատեսակներ են և մեկը պատկանում է խեցգետնակերպերին:
Ձկնորսության սիրահարներն արդեն կարող են դիմել Շրջակա միջավայրի նախարարություն, կնքել պայմանագիր, որում հստակ նշվում են թույլատրելի որսի կենդանատեսակը, քանակը, ջրային տարածքը:
Սևակ Բալոյան - Օրինակ՝ կարմրախայտ թույլատրվում է յուրաքանչյուր որս օրվա ընթացքում մեկ կիլոգրամից ոչ ավելի: Այն ձկնորսները, որոնք մեկ կիլոգրամից ավելի կորսան, տեսչական մարմինները արձանագրելու դեպքում կսկսեն պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմները կիրառել:
Անսահմանափակ կարող են որսալ ծիածանափայլ ֆորել: Սիրողական ձկնորսությունը թույլատրվում է միայն ձկնորսական կարթերով:
Սևակ Բալոյան - Թույլատրվում է յուրաքանչյուր ձկնորսի՝ ունենալ առավելագույնը երկու ձկնորսական կարթ, յուրաքանչյուր կարթը՝ առավելագույնը երկու կեռանով:
Տարվա ընթացքում յուրաքանչյուր ձկնատեսակ տարբեր ժամանակահատվածներում է ձվադրում: Նախարարությունից հորդորում են հետևել պայամանագրով ամրագրված կանոններին ու հատկապես ձվադրման փուլում ձկնորսությամբ չզբաղվել: