Հայաստանի կառավարությունը կաջակցի Արցախի առանձին շրջաններից տեղահանված ավելի քան 3000 ընտանիքի՝ ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: Կառավարությունը բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատեց հինգշաբթի: Շահառու կարող են լինել 2020-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախի առանձին շրջաններում հաշվառված և վերջին 3 ամսում փաստացի բնակված, իսկ հաշվառում չունենալու դեպքում՝ վերջին 3 տարում փաստացի բնակված ընտանիքները:
Գայանե Ղարագյոզյան (ՀՀ ԱՍՀՆ կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական) - Այդ թվում՝ մեկ անձից բաղկացած ընտանիքը և 20 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, ովքեր որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն, և 2020-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ վերջին երեք ամիսները փաստացի բնակվել են այնտեղ:
Երևանում բնակարան ձեռք բերելու կամ անհատական տուն կառուցելու համար մինչև 8, Հայաստանի մարզերում՝ մինչև 10, Արցախում մինչև 12 միլիոն դրամ հիփոթեքային վարկի՝ ժամանակացույցով սահմանված թե՛ մայր գումարը, թե՛, համապատասխանաբար, 8, 10, 12 տոկոս տոկոսագումարը, կսուբսիդավորի պետությունը:
Գայանե Ղարագյոզյան - Ֆինանսավորման այս չափերի տարբերությունը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ծրագրի շրջանակում խրախուսվում է Արցախի Հանրապետությունում անշարժ գույքի ձեռքբերումը կամ անհատական բնակելի տան կառուցումը, և արդյունքում տեղահանված ընտանիքների վերադարձը Արցախի Հանրապետություն:
Շահառուների ցանկը կտրամադրի Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Դիմումները կընդունվեն առավելագույնը մեկ ամսից: Շահառուն պետք է դիմի Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ թղթային և էլեկտրոնային եղանակով: Տվյալները կնույնականացվեն Արցախից ստացված ցանկի հիման վրա: Ընտանիքը չպետք է ընդգրկված լինի Արցախի կառավարության կողմից իրականացվող բնակապահովման ծրագրերում: Շահառուին կտրվի սերտիֆիկատ, որով նա պետք է ներկայանա նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն, և սկսվի վարկի ձևակերպման գործընթացը:
Գայանե Ղարագյոզյան - Եթե վարկի գումարը չի գերազանցում սուբսիդավորվող գումարի սահմանաչափը, Երևանի դեպքում՝ 8 միլիոնը, ՀՀ մարզերի դեպքում՝ 10 միլիոնը, Արցախի Հանրապետության դեպքում՝ 12 միլիոնը, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկունակության գնահատում չեն իրականացնելու, չի պահանջվելու որևէ փաստաթուղթ, աշխատավարձի տեղեկանք: Ամսական վճարումներն ամբողջությամբ իրականացնելու է պետությունը՝ առնվազն 10 տարվա կտրվածքով:
Եթե վարկի գումարը գերազանցի պետությունից սուբսիդավորվող սահմանաչափը, կիրականացվի վարկունակության գնահատում, և տարբերությունը կվճարի շահառուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերաֆինանսավորող ընկերությունների հետ կկնքի հուշագրեր՝ տեղահանված արցախցիներին ևս պետական ծրագրով աջակցելու, վարկ տրամադրելու համար: