2021 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել ավելի քան 800 միլիոն դոլարի ապրանք: Համեմատության համար՝ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 676 միլիոն: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը: Ցուցանիշը հրապարակած Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ 2021-ին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 1 միլիարդ 800 միլիոն դոլարի ապրանք: Այսպիսով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը հատել է 2 միլիարդ 600 միլիոնի սահմանը:
Իսկ ինչ գործոններ են նպաստել նման ցուցանիշին: Տնտեսագետ Կարեն Սարգսյանի գնահատմամբ՝ երկրները հաղթահարում են համավարակի բացասական հետևանքները: Տարիների ընթացքում ավելի հստակ են սկսել գործել նաև Եվրասիական տնտեսական միությունում ներդրված մեխանիզմները:
Կարեն Սարգսյան (տնտեսագետ) - Եթե մենք ժամանակագրական տվյալներով նայենք, 2017-ից գերակշռել է ԵՄ արտահանումը: Սկսած 2018-ից ԵԱՏՄ-ինն ավելացել է;
Ի տարբերություն հիմնական այլ ուղղությունների՝ Ռուսաստան արտահանվող ապրանքները բազմատեսակ են, և հիմնական ծավալն ապահովվում է ոչ հանքարդյունաբերական արտադրանքի շնորհիվ:
Կարեն Սարգսյան - Բազմասպեկտր է արտահանման կառուցվածքը՝ սկսած առաջին սպառման ապրանքներից մինչև թանկարժեք քարեր:
Արտահանման նման կառուցվածքը դրական է այն առումով, որ վերամշակող ընկերությունները ստեղծում են հավելյալ արժեք՝ ապահովելով նաև նոր աշխատատեղեր: 2021 թվականին Հայաստանի ընդհանուր արտահանման ցուցանիշը 2020-ի համեմատ ավելացել է մոտ 19 տոկոսով: Հիմնական ուղղությունները, բացի ԵԱՏՄ անդամ երկրներից, Չինաստանն ու Եվրամիության երկրներն են:
Հայաստանի հիմնական խնդիրը արտահանման առումով շարունակում է մնալ լոգիստիկան՝ ընդգծում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:
Աննա Դոնչենկո (ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ) - Ռուս գործարարներին Հայաստանում առաջին հերթին գրավում են գոյություն ունեցող արտոնությունները, սակայն կան որոշ նրբերանգներ: Օրինակ՝ բեռնափոխադրման գործընթացը: Մենք ռուս բիզնեսմեններին զգուշացնում ենք, օրինակ, Վերին Լարսի ժամանակ առ ժամանակ առաջացող խնդրի մասին:
Այդուհանդերձ՝ մոտակա ամիսներին Հայաստան կժամանեն մի քանի տասնյակ ռուս գործարարներ՝ տեղեկացրել է Աննա Դոնչենկոն: Նրանք կքննարկեն այստեղ ներդրումներ անելու հնարավորությունը: