Քոուչի MCC որակավորումը Նանա Հովհաննիսյանինն է: Նրա շնորհիվ Հայաստանն օրերս դարձավ տարածաշրջանի առաջին ու դեռ միակ երկիրը, որտեղ քոուչինգի ամենաբարձր մակարդակի մասնագետ կա։ Աշխարհում նրանք մոտ 1300-ն են: Քոուչերի ընդամենը 4 տոկոսը, որոնք հաղթահարել են միջազգային ֆեդերացիայի խիստ ընտրությունն ու ամերիկյան BetterUp հարթակում կարող են մինչև իսկ ժամը 800 դոլարով սեսիա անցկացնել՝ մոլորակի խոշորագույն ֆիրմաների ղեկավարների համար։
Հաճախորդը բիզնեսմեն լինի թե ուսանող՝ քոուչն օգնում է նրանց կողմնորոշվել ապագայի հարցում, հասկանալ ինչ են ուզում, ինչ նպատակ դնում առաջիկայի համար՝ Հայաստանում դեռ քչերին ծանոթ մասնագիտացման մասին ասում է Հովհաննսիայնը։ Օրինակ է բերում՝ եթե հոգեբանը մարդու անցյալն է վերլուծում, խորհրդատուն՝ խորհուրդ տալիս, քոուչը հարցերի ու իրավիճակային տարբեր լուծումների միջոցով անձին աջակցում է կայացնել տվյալ պահի ամենաճիշտ որոշումը։
Քոուչինգից մեր երկրում օգտվում են դեռ որ՝ հիմնականում դրսի շուկաների հետ կապված, առաջադեմ ընկերությունների ղեկավարներն ու կոլեկտիվի՝ թիմի հետ աշխատող մասնագետները, որ օրվա տրամադրության կամ հոգսերի պատճառով մեծ նպատակները չտապալվեն։
Նանա Հովհաննիսյան (MCC քոուչ, Erickson International քոուչինգ-դպրոցի Հայաստանի ներկայացուցիչ) - Միայն աշխատավարձը չէ հարցը. մարդկանց պետք է իմաստ, ոգևորություն, մոտիվացիա, համախմբում, նպատակ: Այդ ամբողջում քոուչինգն օգնում է, և հիմնականում գալիս են ՏՏ ոլորտի կազմակերպություններ, բանկեր, այլ կազմակերպություններ, շատ խորհրդատուներ են գալիս:
Սեփական ուժերին հավատալու և առաջ գնալու քոուչինգի մոտեցումը Հայաստանին թույլ կտա զարգացնել լուծումների վրա կենտրոնացված մտածելակերպ: Այդպես խնդիրներն արագ կհաղթահարեն և՛ մարդիկ, և՛ պետությունը՝ վստահ է ոլորտի միջազգային երկու ծրագրում ընդգրկված Նանա Հովհաննիսյանը։ Երևանից ԱՄՆ օնլայն դասախոսություն է կարդում, Լյուքսեմբուրգում ապրող ֆինանսիստ հաճախորդին վերջերս օգնեց որոշում կայացնել՝ ղեկավարելու սինգապուրյան մի ընկերություն։ Ինչո՞ւ չօգտագործել մասնագիտական կարողությունների ամբողջ պաշարը։
Նանա Հովհաննիսյան - Ես գտնում եմ, որ Հայաստանն ունի մեծ ներուժ՝ քոուչինգը որպես ոլորտ արտահանելու համար, որովհետև մերոնք շատ լավ անգլերեն են խոսում, շատ խորն են, շատ արագ են սովորում, շատ լավ է ստացվում, իսկ աշխարհում պահանջարկը մեծ տեպմերով աճում է:
Նանան անկեղծանում է․ մտածում է Հայաստանում բացել Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի գրասենյակ։ Երկրում հաշվել է կրթված-վերապատրաստված մոտ 120 քոուչի։