ԱՊՀ անդամ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարներն այսօր առցանց ռեժիմով անցակցրել են խորհրդի 26-րդ նիստը։ Կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի միգրացիոն իրավիճակը, միգրացիոն օրենսդրության փոփոխությունները և միգրացիոն իշխանությունների իրավական փորձառությունը՝ նոր կարգավորումների կիրարկման ոլորտում։
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է համավարակով պայմանավորված նոր կարգավորումները սահմանահատման և ՀՀ տարածքում գտնվելու առնչությամբ, ներկայացրել միգրացիոն հոսքերի համեմատական պատկերը։
Նա, ընդգծելով ՀՀ կառավարության համար միգրացիոն ոլորտի գործընթացների թվայնացման կարևորությունը, նշել է, որ 2022 թվականից սկսած Միգրացիոն ծառայությունը գործարկել է նոր համակարգ՝ բարելավելով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը․ կրճատվել են վարչարարությունը, ժամկետները, գործընթացն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային հարթակում, որին միաժամանակյա հասանելիություն ունեն գործընթացում ընդգրկված բոլոր պետական մարմինները։
Ա․ Ղազարյանը նշել է նաև 2019 թվականից գործարկված ռեադմիսիոն հայցերի գրանցման էլեկտրոնային հարթակի մասին, որը ևս նպաստել է աշխատանքների արագացմանն ու տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացմանը։
Աշխատանքային միգրացիայի ոլորտի համակարգման իրենց փորձով կիսվել են նաև մյուս անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ընդգծելով նախքան աշխատանքի մեկնելը միգրանտի իրազեկվածությունն ապահովելու անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև Խորհրդի 2022 թվականի աշխատանքային ծրագիրը, հերթական՝ 27-րդ նիստի անցկացման վայրը և ժամանակը։