ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Հավելենք, որ 2022 թ. փետրվարի 10-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցում գտնվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում իրացվել է թմրամիջոց։
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից անմիջապես ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում նշված ավտոմեքենան հայտնաբերվել է, իսկ երբ իրավապահները փորձել են ստուգել ստացված օպերատիվ տեղեկությունները, ավտոմեքենայի ուղևորը և վարորդը, չենթարկվելով նրանց օրինական պահանջների, դիմել են փախուստի, սակայն իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում վարորդը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է պայուսակ՝ 13 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներով, ծալովի դանակով, սպիտակ բյուրեղանման և շագանակագույն զանգվածներով երկու փաթեթով, ինչպես նաև` դրամապանակ և զենք՝ փամփշտատուփում առկա 6 հատ փամփուշտներով, իսկ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում՝ շագանակագույն զանգվածով ևս երեք փաթեթ։
Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ, որոնց եզրակացության համաձայն հիշյալ զենքը գործարանային արտադրության TT տեսակի 7,62 տրամաչափի БМ 2374 համարի ակոսափող ատրճանակ է, որը պիտանի է կրակոցներ կատարելու համար, 6,33 գրամ քաշով սպիտակավուն բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «մեթամֆետամին», իսկ 191․8 գրամ քաշով շագանակագույն փոշենման զանգվածը՝ «հերոին» տեսակի թմրամիջոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է:
Նախաքննության ընթացքում վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի փամփուշտներ, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են 1382 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգված, դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ փաթեթներ՝ 31.73 գրամ, 1.34 գրամ, 1.21 գրամ և 1.25 գրամ քաշերով, 1 հատ նռնակ՝ առանց պայթուցիչի, բջջային հեռախոս և էլեկտրոնային կշեռք, որոնք ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների և զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրները, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց մասնակցությունը, ինչպես նաև փախուստի դիմած երկրորդ անձի ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է. այն քաղաքացիները, ովքեր կամովին կհանձնեն իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը, եթե նրանց գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում, կազատվեն քրեական պատասխանատվությունից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: