Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացան հերթական տվյալները, որոնք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության ու Սևանի բաժնի քրեական հետախույզների, ինչպես և Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ։
Համատեղ միջոցառման արդյունքում փետրվարի 16-ին Սևան քաղաքի Խաղաղության փողոցում հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 46, 49 և 55 տարեկան երեք տղամարդ՝ երեքն էլ Սևանի բնակիչներ։ Նրանք կասկածվում էին թմրամիջոց Հայաստան ներմուծելու, ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ։ 46 և 49 տարեկան տղամարդկանց խուզարկությամբ հայտնաբերվեցին հոգեմետ դեղահաբեր, մարիխուանա, կաթուցիչ, դանակ և այլն։ 55-ամյա տղամարդու մոտ ծանրոց կար, որի մեջ դեղահաբերի համար նախատեսված պլաստմասսե տարա էր, իսկ տարայում՝ 101 դեղապարկուճներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ բուպրենորֆին թմրամիջոց պարունակող, «B8» գրառմամբ սուբուտեքսի հաբեր էին, ինչպես և 64 գրամից ավելի սպիտակ փոշենման զանգված:
Նույն օրը Սևանի բաժնում հարուցվեց քրեական գործ, բերման ենթարկվածներից 46 և 55 տարեկան տղամարդիկ ձերբակալվեցին: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։