Սյունիքում կառուցվող 6 այլընտրանքային ճանապարհից մեկը Խոտ-Որոտանն է: Նոր ճանապարհի շնորհիվ սահմանամերձ Խոտ գյուղի բնակիչները անվտանգ կերթևեկեն Գորիս, Կապան Մեղրի Քաջարան համայնքներ: Ճանապարհի շինաշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա աշնանը: Արահետ հիշեցնող ճանապարհն այսօր ընդարձակվել է:
«Ճանապարհային դեպարտամենտի» ինժեները նշում է, որ չնայած խնդիրներին՝ ջրահեռացումինց մինչև սողանք, աշխատանքները չեն դադարել, գտել են լուծումներ:
Էդգար Ֆրանգուլյան («Ճանապարհային դեպարտամենտի» ծրագրերի կառավարման դեպարտամենտի հիմնանորոգման բաժնի ինժեներ) - Այս պահին ինտեսիվ աշխատանքներ են կատարվում, աշխատանքներին զուգընթաց չի խաթարվել նաև գյուղի երթևեկությունը, ճանապարհը գտնվում է բաց վիճակում և անցանելի է, կարելի է ասել, գրեթե բոլոր տեսակի մեքենաների համար:
Խոտ-Որոտան ճանապարհի շինաշխատանքներին հետևում է նաև Սյունիքի մարզպետը:
Մելիքսեթ Պողոսյանի խոսքով՝ այս համայնքներում սողանքները մեծ վնաս են հասցրել այգիներին, հիմա նաև փոխհատուցման համակարգ են մշակում:
Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Շատ ահռելի աշխատանքներ են ընթանում էսօր Սյունիքի մարզում, բոլոր տեղերը նորմալ պլանով կազմակերպված աշխատում են: Որոտան-Խոտ ճանապարհի վրա ենք: Այստեղ սողանքի խնդիր կա: Կան մարդիկ, որ այգիներ ունեն՝ 1000 ք. մ, 2000 ք. մ, այդ վնասը կրել են գյուղացիները: Իհարկե մենք էս ճանապարհը, որ վերջնական ունենա իր տեսքը, պետք է հանձնաժողով դնենք, որպեսզի մեր գյուղացիներին աջակցենք՝ փոխհատուցման հարց լուծենք:
Այլընտրանքային այս ճանապարհի երկարությունը մոտ 10 կմ է: Շուտով կավարտվեն հողային աշխատանքները, և կմեկնարկի ասֆալտապատումը:
Գինեվան Ղազարյան (աշխղեկ) - Խոտ-Որոտան ճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք, որի պատճառով տվյալ հատվածում շին աշխատանքները դադարեցրել ենք, բայց մնացած հատվածում մեծ ծավալով հողային աշխատանքները շարունակում են:
Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մոտ 7 կմ հատվածում հողային պաստառն արդեն պատրաստ է, գարանանը կասֆալտապատվի:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան