Հայաստանում կրթությունն ավելի որակյալ ու հասանելի դարձնելու նպատակով 3 երիտասարդ, 3 ընկեր ստեղծել են Zleenk հավելվածը: Սոցիալ-կրթական այս հավելվածը 2021 թվականից հասանելի է Google Play հարթակում:
Կիմա Առաքելյան (նախագծի համահիմնադիր) - Այսօր դպրոցականին կարող ենք 3 գնահատել նրա համար, որ նա չի հասկանում մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բայց, գուցե, նրա տաղանդը վարսահարդար լինելն է, կամ, գուցե, լավ պարող, լավ նկարիչ, կամ, գուցե, նա կարող է լավ գրաֆիկ դիզայներ լինել:
Ջութակի պատրաստումից մինչև արհեստական բանականությանն առնչվող դասընթացներ: Մուտք գործելով հավելված՝ օգտատերը կարող է ընտրել իրեն հետաքրքրող մասնագիտությունը: Դասերն անցկացվում են առցանց:
Դիանա Ղաբուզյան (նախագծի համահիմնադիր) - Երկրորդը մեր մրցույթների բաժինն է, որով փորձում ենք զարգացնել բաց ինովացիաների գաղափարը: Օրինակ՝ օնլայն դպրոց կա «Մանդարին» անունով, որ չէր կարողանում լոգո որոշել: Մենք այդ խնդիրը հրապարակեցինք, ու Գեղաշենից Սվետլանան ուղարկեց իր տարբերակը, որն էլ դարձավ կազմակերպության լոգոն:
«Ֆորում» բաժնում էլ նույն հետաքրքրություններն ունեցող երեխաները, համախմբվելով, ստեղծում են համայնքներ՝ արդի աշխարհի հիմնախնդիրները քննարկելու, ինչպես նաև միմյանց հետ ծանոթանալու համար:
Կրթական նորություններով, հետաքրքիր գրքերով, ֆիլմերով կամ իրենց աշխատանքներով օգտատերերը կարող են կիսվել առանձին բաժնում: ԲՏԱ նախարարության հետ համատեղ ստեղծված հավելվածից արդեն օգտվում է 1500 օգտատեր, կազմակերպվել է 80 լայվ հանդիպում, 100-ից ավելի տեսադաս: Հավելվածի հիմնադիրները չեն մոռացել նաև օֆլայն շփման մասին:
Դիանա Ղաբուզյան - Ամառը գնացել էինք Բերդ, մոտակա գյուղերն էինք այցելում: Նպատակը միմյանց ճանաչելն է, նաև՝ նորերին ներգրավելը էս կրթական թոհուբոհի մեջ:
Հավելվածն անվճար է: Zleenk-ի հիմնադիրները հիմա աշխատում են հավելվածի նոր տարբերակի վրա: Թարմացված գործիքներով ու նոր դիզայնով հավելվածը շուտով հասանելի կլինի նաև IOS համակարգից օգտվողների համար: Առաջարկվող դասընթացների քանակը նույնպես կավելանա:
Լևոն Ավետիսյան (նախագծի համահիմնադիր) - Մեր թիմն աշխատում է նաև մշակույթի դասերի նկարահանումներով: Ցանկանում ենք ներգրավել նաև Սփյուռքի երեխաներին, որը կօգնի նրանց յուրացնել հայերենի գիտելիքները, ամրապնդել կապը հայրենիքի հետ:
Նոր հավելվածը հասանելի կլինի գարնանը: Գաղափարի հեղինակները վստահ են՝ բացահայտելով յուրաքանչյուր դպրոցականի տաղանդ, հնարավոր է կազմակերպել որակյալ կրթություն՝ ներառելով լավագույն մասնագետների:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան