Հրապարակվել է «Տնտեսական ազատության ինդեքս-2022»-ը: Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միավորները նվազել են:
Հայաստանը չափավոր ազատ երկրների խմբում է՝ 65.3 միավորով զբաղեցնելով 58-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 32-ի փոխարեն: Կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում շատ երկրներ տնտեսական անկում են ունեցել, ինչն էլ ազդել է ինդեքսի վրա: Զեկույցում նշվում է՝ զարմանալի չէ, որ երկրները հետընթաց են գրանցել, քանի որ կառավարությունները հանուն հանրային առողջության պաշտպանության սահմանափակել են տնտեսությունը:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը իր հետընթացով հանդերձ հանգրվանել է չափավոր ազատ երկրների խմբում, և եվրոպական զգալի թվով երկրներ հենց այս խմբում են. նույն Ֆրանսիան կամ Բելգիան, Լեհաստանը, Հունգարիան ևս այս խմբում են:
Տնտեսական ազատության ինդեքսը գնահատվում է ըստ 12 գործոնի, որոնք խմբավորված են 4 բաղադրիչում:
Շուկայական ազատությունից մինչև օրենքի գերակայություն. հաշվի են առնում ամեն ինչ: Հայաստանի դեպքում դրական է գնահատվել Կառավարության իրականացրած քայլերը հարկային բեռի, պետական ծախսերի առումով: Հետընթացի վրա ազդել են հիմնականում արդարադատության հետ կապված խնդիրները:
Արմեն Քթոյան - Առավել խոցելի տեղը, եթե դիտարկենք, ինչն առավել խնդրահարույց է դիտվում զեկույցի հեղինակների կողմից, դատաիրավական համակարգն է: Դատաիրավական ոլորտում բարեփոխումները, համակարգային բնույթի խնդիրները, կոռուպցիայի կանխարգելման քայլերի ամբողջականությունը կամ ավելի հստակ ռազմավարության իրագործումը այն քայլերն են, որոնք թույլ կտան այս՝ մեզ համար ըստ էության աքիլլեսյան գարշապարը ամրացնել:
Չնայած առաջատարը շարունակում է մնալ Սինգապուրը, բայց այդ երկրի միավորները ևս նվազել են՝ 89.7-ից դառնալով 84.4: Հայաստանը կորցրել է 6.6 միավոր, բայց ԵԱՏՄ երկրներում ամենաբարձր դիրքում է: Հաջորդը Ղազախստանն է՝ 64, Ռուսաստանը՝ 113, Ղրղզստանը 116, իսկ Բելառուսը՝ 135-րդն է: Տարածաշրջանի երկրներից միայն Վրաստանն է Հայաստանից ավելի բարենպաստ դիրքում:
Արմեն Քթոյան - Այն իրավիճակում, երբ բիզնեսը միջավայրը գնահատում էր բիզնեսի համար ոչ նպաստավոր, Հայաստանը, օրինակ, 33-րդ տեղում էր աշխարհի երկրների ցանկում: Հիմա տարբեր ձեռնարկատերեր կարող են միջավայրը գնահատել նպաստավոր, իրենց համար ավելի հարմարավետ բիզնեսի վարման տեսանկյունից, բայց ինդեքսի առումով մենք ունենք վատթարացում: Այսինքն՝ ինդեքսը միջինացված ինչ-որ մակարդակ է ցույց տալիս, առանձին ուղղություններով, դրսևորումներով այդ միտումները կարող է չհամընկնեն:
Ինդեքսում ընդգրկված 177 երկրից ընդամենը 7-ն է համարվում ազատ, ոչ ազատ են 32-ը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան