8-րդ գումարման Ազգային ժողովը հավակնում է լինել իշխանության և ընդդիմության փոխբացառման սկզբունքով գործող, անհանդուրժողականությամբ աչքի ընկնող խորհրդարան՝ մինչ այժմ գոյություն ունեցածների մեջ. «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացրեց դիտարկման արդյունքներն ու նկատեց՝ այս գումարումը ձևավորվել է հետպատերազմյան ճգնաժամի հանգուցալուծման առաքելությամբ, ինչը, ըստ Վասիլյանի, ազդեցություն է թողել խորհրդարանի ամբողջ գործունեության վրա:
Լուսինե Վասիլյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար - 8-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել են ամենափոքր թվով օրենքները: Խոսքն 98 օրենքի մասին է, որն ամենացածրերից մեկն է 10 տարվա ընթացքում: Օրինակ՝ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում այդ թիվը եղել է 143, երրորդում՝ 169, իսկ 4-րդում՝ 343:
Նվազել է նաև պատգամավորների օրենսդրական նախաձեռնողականությունը: Նախագծերը հիմնականում գործադիրն է հեղինակում:
Լուսինե Վասիլյան - Մենք 7-րդ գումարման խորհրդարանում բացառիկ ռեկորդ ֆիքսեցինք՝ Կառավարություն-Ազգային ժողով հարաբերակցությունը հասել էր 30:70-ի: Այս նստաշրջանում պատկերը հակառակն է. 98 օրենքից 6-ն են հեղինակել պատգամավորները, սակայն խոսքը երկու օրենսդրական փաթեթի մասին է:
Ազգային ժողովի մոնիտորինգը ցույց է տվել, որ չեն ընդունվում խորհրդարանական ընդդիմության առաջարկները, բացառությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Կառավարող ուժի ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը չհերքեց՝ ԱԺ-ում մթնոլորտը տարբերվում է նախորդներից, պատճառը ստեղծված քաղաքական իրավիճակն է:
Բաբկեն Թունյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Չեմ գտնում, որ ԱԺ արդյունավետությունը կարելի է չափել օրենսդրական նախաձեռնությունների քանակով, միգուցե հակառակն է, որովհետև օրենսդրական նախաձեռնությունների մեծ մասը գործող օրենքներում փոփոխություններ ու լրացումներ են: Օրինակ՝ Հարկային օրենսգրքում ինչքան շատ փոփոխություններ են լինում, այնքան շատ խնդիրներ կարող են ստեղծել գործարար միջավայրի համար:
Թունյանը նաև հիշեցրեց, որ Կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը մեկ թիմ են, և նրանց միջև օրենսդրական նախաձեռնությունների մրցակցություն չկա, ավելին՝ մեկը մյուսին կարող են միտք տալ: Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյան էլ շեշտեց՝ ՔՊ խմբակցությունը չի կարող իրական հակակշիռ լինել Կառավարությանը:
Արծվիկ Մինասյան, ՀՀ ԱԺ « Հայաստան» խմբակցության քարտուղար - Առնվազն զամանալի է, երբ, օրինակ՝ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարի մասին խոսում է իշխանությունը, ինքն իր կառավարության ի՞նչն է ուզում հսկել պառլամենտի անունից:
«Պատվիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն էլ նշեց՝ չի զարմանում, երբ իշխանությունն ընդդիմության բերած նախագծերին դեմ է քվեարկում: Ընդդիմության նախաձեռնություններն արժանանում են շատ կոշտ դիմադրության՝ ասաց Մամիջանյանը:
Հայկ Մամիջանյան, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար - Խոսքը գնում է լիագումար նիստում այդ օրինագծերի քննարկման հնարավորություն տալու մասին, բայց իշխանությունը հնարավորություն չի տալիս նույնիսկ այդ օրինագծերը քննարկել:
«ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր Մարիամ Բարսեղյանն էլ խոսեց էթիկայի խախտումներից: Նրա խոսքով՝ 8-րդ գումարման խորհրդարանն աննախադեպ էր էթիկայի խախտումների առումով:
Մարիամ Բարսեղյան, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի խմբագիր - Օրինակ՝ պաշտպանության նախկին նախարարը, որը խմբակցության ղեկավարն է, կարող է շիշ շպրտել, ամբիոնի մոտից ելույթ ունեցող պատգամավորին կարելի է գալ քաշել: Այնպիսի իրավիճակներ են ստեղծվել, որ անընդհատ զարմանում ենք, թե է՛լ ուր կարող են հասնել այսպես: Նույնիսկ այսպիսի աղմկոտ դեպքերի պարագայում երեք խմբակցություններից որևէ մեկը հանդես չեկավ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Իշխող ուժի ներկայացուցիչը հավելեց, որ պատկերը հաջորդ նստաշրջանում կարող է փոխվել, քանի որ շատ հարցեր, որոնք տեղ են գտնել զեկույցում, արդեն իսկ շտկված են:
Հեղինակ՝ Անի Օհանյան