ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԲՈՂՈՔԻ ՀԱՅ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ
Ադրբեջանը մտադիր է դիմել ՈՒԵՖԱ-ին և «Մարսել» ֆուտբոլային ակումբին ու բողոքել Մարսելի մարզադաշտում հայ երկրպագուների, ադրբեջանական ձևակերպմամբ, սադրիչ պահվածքի առնչությամբ: Վերջիններս մարզադաշտում ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները:
Մարսելի «Օլիմպիկը» Կոնֆեդերացիաների լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղ» ակումբին՝ հաղթանակ տանելով 3-1 հաշվով։
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ
2019-ից 2021 թվականներին թուրքական իշխանությունները մոտ 155 000 սիրիացի փախստականի հարկադրաբար վերադարձրել են Սիրիա: Այս մասին նշված է «Սիրիացիները՝ հանուն ճշմարտության և արդարության» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում: Իրավապաշտպաններն ահազանգում են, որ Թուրքիան այս գործընթացը ներկայացրել է որպես «կամավոր վերադարձ», սակայն սիրիացի փախստականներն իրականում ենթարկվել են հետապնդումների, անօրինական կալանավորման, ինչից հետո տեղափոխվել են Սիրիայի հյուսիսային շրջաններ, որոնք գտնվում են Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների վերահսկողության տակ: Ըստ զեկույցի՝ այնտեղ փախստականների նկատմամբ հալածանքները շարունակվել են, և նրանցից գումար են պահանջել՝ ազատ արձակելու դիմաց:
ԳՆԱՃԻ ՀԵՏ ԸՆԿՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը հուսով է, որ թուրքերը մի քանի ամիս էլ կդիմանան գնաճին՝ մինչև բացվի զբոսաշրջային սեզոնը, ինչը կօգնի հաղթահարել տնտեսական ճգնաժամը և վերադառնալ մինչհամավարակային ցուցանիշներին՝ գրում է Reuters գործակալությունը։
Հոդվածի հեղինակների կարծիքով՝ սա բավական ռիսկային ծրագիր է, քանի որ արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ, օրինակ՝ գնաճը մոտենում է 50 %-ին։ Մի շարք տնտեսագետներ ակնկալում են, որ գների և աշխատավարձերի հետ կապված հանրային ճնշումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում: Խոցելի է նաև ազգային արժույթը, որն անցյալ տարի արժեզրկվել է 44 %-ով։
Թուրքիայի կառավարությունն արդեն ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել ազգային արժույթը կայունացնելու համար և ակնկալում է, որ տարվա երկրորդ կեսին երկրում տնտեսական պատկերը կփոխվի:
Թուրքիայում տնտեսական ճգնաժամը և հասարակական լարվածությունը բացասաբար են անդրադառնում նաև Էրդողանի վարկանիշի վրա: Ըստ գործակալության՝ Թուրքիան 19 տարի ղեկավարող Էրդողանի վարկանիշը նվազել է՝ հասնելով 37,9 տոկոսի։
ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Իրանը հուսով է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավոր կլինի լուծել խաղաղ ճանապարհով՝ առանց երրորդ երկրների միջամտության՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ապա հավելել. «Մենք ցանկանում ենք պահպանել կայունությունը տարածաշրջանում»։
Դիվանագետի խոսքով՝ Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ օգնություն՝ Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։
Կուլեբան էլ նշել է, որ Կիևը պատերազմի չի ձգտում և ցանկանում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Ավելի վաղ Ուկրաինայի շուրջ լարվածության վերաբերյալ Աբդոլլահիանը հեռախոսազրույց էր ունեցել Լավրովի հետ՝ առաջարկելով Թեհրանի միջնորդական աջակցությունը:
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԱՆՑՆԵԼ ԼԱՏԻՆԱՏԱՌԻ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում հարկավոր է լեզվական բարեփոխում իրականացնել, սակայն միևնույն ժամանակ չպետք է շտապել կիրիլիցայից լատինատառ գրության անցնելու հարցում, ինչը նախատեսվում էր ավարտել 2031 թվականին։ Նա հավելել է, որ կարևոր է ոչ թե հետևել «բարեփոխումներ հանուն բարեփոխումների» սկզբունքին, այլ պահպանել ղազախերենը:
2017 թվականին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր էր ստորագրել մինչև 2025 թվականը կիրիլիցայից լատինական այբուբենի փուլային անցման մասին։