ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այցեր է սկսել հանրապետության մարզեր: Շրջայցերի շարքը սկսել են Վայոց ձորից, մարզերում այցերն ավարտելուց հետո խմբակցությունը կայցելի մայրաքաղաքի վարչական շրջաններ:
Այցերի բուն նպատակը քաղաքացիների հետ հանդիպելն է, խնդիրների վերհանումն ու լուծումներ գտնելը, ընդ որում՝ ինչպես խորհրդարանի, այնպես էլ գործադիրի տիրույթում գտնվող հարցերի:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Առաջին կանգառը Վայոց ձորի Խաչիկ սահմանամերձ գյուղն էր, էնտեղ հանդիպեցինք գյուղացիների հետ, լսեցինք նրանց բարձրացրած խնդիրները: Խնդիրները հիմնականում կապված էին գյուղատնտեսական աշխատանքների հետ, պարարտանյութի գների հետ, սերմացուի հետ:
Հանդիպումների շարքը խորհրդարանական պատվիրակությունը շարունակել է Արենիում: Հանդիպել են խաղողագործների, գինեգործների հետ: Այստեղ արդեն հիմնական հարցը խաղողի մթերումն է եղել:
Խաղողագործ-գինեգործ կապը շատ թույլ է, պետք է ակտիվացնել՝ քննարկումներն ամփոփում է իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հայկ Կոնջորյան - Բազմաթիվ հարցեր, որոնք օրենսդրական կարգավորումների կարիք ունեն կամ Կառավարության տիրույթում են, բայց, մյուս կողմից, նաև մենք փորձում էինք հասկանալ, թե այս պարագայում խաղողագործներն ու գինեգործները ինչպես համագործակցեն՝ ընդհանուր շահի առաջմղման նպատակով:
Երկօրյա այցի ընթացքում պատգամավորական խումբը նաև Ջերմուկում է եղել, շրջել «Ջերմուկ Գրուպ» գործարանում:
Զրուցել են նաև հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել զբոսաշրջության խթանմանն ուղղված հարցեր: Պետք է կրկնակի աշխատել Հայաստանի գեղատեսիլ վայրերը աշխարհում ճանաչելի դարձնելու, նորովի ներկայացնելու ուղղությամբ: Պատգամավորները խոստացել են, եթե կան օրենսդրական խոչընդոտներ, կաշխատեն այդ ուղղությամբ:
Հայկ Կոնջորյան - Մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերի մեծամասնությունը լուծելի հարցեր են, և դրանց համար հարկավոր է ջանք ու կազմակերպված աշխատանք: Բնականաբար, այդ հարցերը մենք արդեն դուրս են բերել, որպեսզի դրանց ուղղությամբ աշխատենք:
Շատ հարցեր արդեն իսկ Կառավարության ու խորհրդարանի ուշադրության կենտրոնում են՝ նշում է Հայկ Կոնջորյանը՝ օրինակ բերելով պարարտանյութի սուբսիդավորման Կառավարության որոշումը:
Երկու օր շրջելուց հետո պատգամավորական խումբը կարևոր արձանագրում է արել:
Հայկ Կոնջորյան - Մենք շատ կուզենայինք, որ, օրինակ, ԱԺ-ում քննարկումները լինեին հենց էս հարցերի շուրջ: Շատ կուզենայինք, որ, օրինակ, մեր ընդդիմությունը մեզ տար էնպիսի հարցեր, ինչպիսի հարցեր մեզ տալիս էին մեր համաքաղաքացիները՝ գյուղերում ու տարբեր քաղաքներում: Շատ կուզենայինք, որ ընդդիմությունը էդ հարցերը բարձրաձայներ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, և, ի դեպ, քաղաքացիները ևս այդ ակնկալիքներն ունեն: Երբեմն մենք նկատում էինք իրական կյանքի ու քաղաքական դիսկուրսի միջև եղած էդ խոր ճեղքվածքը:
Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ նման այցերը ինքնանպատակ չեն, հետևողական են թե՛ խնդիրների վերհանման, թե՛ դրանց լուծման հարցերում: