ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը Կիևին անվտանգության երաշխիքների տալու մասին և ասել, որ Մոսկվան պատրաստ չէ քննարկել այդ հարցը։ Նախարարի խոսքերը հնչել են Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է քննարկել ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պահանջել էր Կիևի համար ապահովել ՆԱՏՕ-ի երկրների նման երաշխիքների համակարգ։ Նրա խոսքով՝ Դաշինքը մնում է Ուկրաինայի անվտանգության միակ կառույցը, որին պետությունը կարող էր միանալ։
Մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովն ասել է, որ ռուսական կողմն իր անհանգստությունն է հայտնում Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից Կիևի իշխանությունների հրաժարման կապակցությամբ։ Նման երկխոսությունը նախատեսված է Մինսկի համաձայնագրերով։
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը պետք է նշի Դոնբասում հրադադարի խախտման նախաձեռնողներին։
Լավրովի խոսքով՝ ըստ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և քաղաքացիական հատվածում ավերածությունների թվի՝ Դոնբասն ավելի մեծ կորուստներ է կրում, քան Ուկրաինան։
ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանում իրադրությունն ապակայունացնելու համար Բալկաններում վարձկանների հավաքագրման մասին լուրերին:
«Մոսկվան տեղեկություններ ունի Արևմտյան Բալկանների երկրներում՝ Կոսովոյում, Ալբանիայում, Բոսնիա Հերցեգովինայում վարձկանների հավաքագրման մասին, որոնց պետք է ուղարկեն Դոնբաս և Ռուսաստան՝ իրադրության ապակայունացման համար»՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: