Փետրվարի 10-ից Բելառուսի տարածքում անցկացվում են Ռուսաստանի հետ համատեղ «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները, որոնք պետք է ավարտվեն փետրվարի 20-ին։ Զորավարժություններին մասնակցող ռուս զինվորների թիվը պաշտոնապես չի նշվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է մոտ 30 հազարի մասին՝ գրում է BBC-ն:
Փետրվարի 16-ին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը խոստացել էր, որ երկրում չի մնա ոչ մի ռուս զինծառայող և ոչ մի զինտեխնիկա։ Նա միանգամայն հիմնավորված է համարել համատեղ զորավարժությունները։ «Մենք տեսնում ենք, թե ՆԱՏՕ-ն որքան ակտիվ է մեր արևմտյան սահմաններին, այդ թվում՝ Ուկրաինայում: Սա պատասխան է մեր արևմտյան գործընկերների գործողություններին»,- ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսից զորքերի դուրսբերման ամսաթիվը իր «և Պուտինի անձնական գործն է»։
«Ռուսաստանի զինված ուժերը կմնան այստեղ այնքան, որքան անհրաժեշտ լինի: Սա մեր հողն է, մեր տարածքը»,- ասել է Լուկաշենկոն Մոսկվա մեկնելուց առաջ։
Պատասխանելով Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին լրագրողների հարցին՝ Բելառուսի նախագահն ասել է, որ այդ որոշումը կկայացնի Վլադիմիր Պուտինի հետ։