ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտնել է՝ 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի տունն արդեն պատրաստ է:
«Խոստացել էի, որ 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած մեր եղբայրը՝ Կարեն Խլոպուզյանը, որը տուն չուներ, պետք է իր առանձնատունն ունենա։ Համբուրգի հայ համայնքի նախկին ղեկավար, իմ լավ բարեկամ Սերժ Անգելյանը չէր մերժել խնդրանքս ու իր անձնական միջոցներով Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասում կառուցեց առանձնատունը։ Աշխատանքները գրեթե ավարտված են։ Կփորձենք մինչև Կարենի ծննդյան տարեդարձը՝ մարտի 15-ը, տունը հանձնել Կարենին։
Տեղեկացրել էի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Կառավարության ջանքերով Կարենը պրոթեզավորվել է։ Բժիշկների, վերականգնող մասնագետների հետ մշտական կապի մեջ եմ հնարավոր խնդիրների առաջացման դեպքում։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նաև 10 մլն դրամ միանվագ գումար է փոխանցել, ևս 20 տարի ամսական 200.000 դրամ կփոխանցի Կարենին։
Կարեն ջան, եղբայր, ինչ էլ արվի քեզ համար, քիչ է, բայց դու, քո ընտանիքը, մեր զոհված, վիրավորված եղբայրների ընտանիքները մեր մշտական ուշադրության, հոգածության ներքո են գտնվելու»,- գրել է պատգամավորը: